Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել

Այսօր Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել: Լուրը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ առանց մանրամասների:

«Ազատության» տեղեկություններով՝ իրավապահները գույքի կառավարման բաժնի 11 աշխատակիցներ են տարել դեռ 2023-ին հարուցված քրեական գործի շրջանակներում: Վաղ առավոտյան իր տնից բերման է ենթարկվել նաև նույն բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանը: Թե ինչ կարգավիճակ ունեն բերման ենթարկվածները, Հակակոռուպցիոնից ասացին՝ ավելի ուշ կհայտնեն:

Հակակոռուպցիոնի քննիչներն ավելի քան երկու տարի առաջ խուզարկել էին Արմեն Այվազյանի ղեկավարած բաժինը։ Նրան ու իր ենթականերին դարձյալ բերման էին ենթարկել ու քրեական վարույթ էր հարուցվել: Քննիչների կասկածները վերաբերում էին համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին։ Մինչ օրս, սակայն, այս գործով մեղադրյալներ չկային:

Այվազյանը մի ուրիշ՝ կաշառքի գործով էր մեղադրյալ դարձել անցած տարեվերջին: Նա ձերբակալվել, հետո ազատ էր արձակվել: Դրանից հետո նա իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից, ու համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նրա փոխարեն այս պաշտոնին նշանակեց Այվազյանի կնոջը՝ Լիլիթ Հովսեփյանին: Վերջինս այսօր հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:

Leave a Comment