Ալեն Սիմոնյանը Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձանագրություն է ստորագրել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին։

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:

Վլադիմիր Վարդանյանն երեկ ԱԺ-ում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:

Ազգային ժողովում կայացած փակ քվեարկության արդյունքում Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:

Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի  նորընտիր դատավորը ընտրություններից հետո Ազգային ժողովում այսօր երդվել է:

Leave a Comment