Չկարողանալ Հայաստանում ունենալ չինական գոնե 100 միլիոնի հասնող ներդրումային պորտֆել պարզապես ապաշնորհություն է. Վերլուծաբան

«Ուրեմն վերջին տարիներին Հարավային Կովկասում Չինաստանի ներդրումների ծավալը հասել է  690 միլիոն դոլարի: Եվ այստեղ ուշադրություն՝ դրա առյուծի բաժինը Ադրբեջանում ու Վրաստանում է: Ադրբեջանում ներդրումների ծավալը 405 միլիոն դոլար է, Վրաստանում՝ 280 միլիոն դոլար: Խոսքը վերջին տարիների մասին է»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նրա խոսքով, Հայաստանում փաստորեն չինական ներդրումները՝ Պեկինի հարավկովկասյան ներդրումային պորտֆելի շրջանակում, պարզապես չնչին են, կարելի է ասել նույնիսկ՝ գրեթե բացակայում են:

«Սա մի հերթական վկայություն է, ընդ որում աղաղակող վկայություն, թե ինչ ապաշնորհություն է ցուցաբերվում արտաքին ներդրումների ներգրավման տեսանկյունից, ինչի հետեւանք էլ պետական պարտքի շեշտակի աճն է եւ արտաքին ներդրումային ծավալների էական նվազումը:

Այստեղ կասեն, թե Ադրբեջանի ու Վրաստանի աշխարհագրական դիրքը գրավիչ է, եւ այլն, եւ այլն: Հեքիաթներ, որովհետեւ խոսքը չի գնում անգամ Վրաստանի ու Ադրբեջանի հետ համեմատվելու մասին, որ Հայաստանում լինեն այնքան չինական ներդրումներ, որքան այնտեղ: Բայց, չկարողանալ Հայաստանում ունենալ չինական գոնե 100 միլիոնի հասնող ներդրումային պորտֆել՝ սա այլ բան չէ, քան պարզապես ապաշնորհություն»,-նշում է վերլուծաբանը։

Leave a Comment