Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողները հերթական հայտարարությունն են տարածել՝ պահանջելով «1+4» ծրագրի լիակատար պահպանում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Արտոնություններ նախատեսող այս ծրագրի փակման մասին քննարկումները սկսվել են դեռ անցյալ տարի․ իշխող ուժը կրթական բարեփոխումների շրջանակում հայտարարել է՝ մոտ ապագայում չեղարկվելու է էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված կրթական ծրագիրը, քանի որ «ոչ վրացի երիտասարդների 93 տոկոսը լիարժեք տիրապետում է վրացերենին»։
Վրաստանի ազգային փոքրամասնությունների ուսանողները պայքարում են «1+4» ծրագրի հնարավոր չեղարկման դեմ՝ նշելով, որ դրա դադարեցումը ծանր հետևանքներ կունենա հատկապես հայերով և ադրբեջանցիներով բնակեցված շրջանների՝ Սամցխե-Ջավախեթիի և Մառնեուլի բնակչության համար։
Ելենա Վարդանյանն Ախալքալաքի շրջանի Գոման գյուղից է։ Վրացերեն գրեթե չիմանալով՝ «1+4» ծրագրով ընդունվել է Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան պետհամալսարան։ Այս ծրագիրը նրան հնարավորություն է տալիս սեփական երկրում ստանալ բարձրագույն կրթություն՝ զուգահեռաբար բարելավելով վրացերենի իմացությունը։ Նրա խոսքով՝ այս պայքարը ոչ միայն իր, այլև մյուս գյուղերի երիտասարդների համար է, որպեսզի նրանք չզրկվեն կրթություն ստանալու իրավունքից։
«Ինձ համար շատ ցավալի է մտածել իմ փոքր գյուղի երեխաների մասին․ եթե ծրագիրը փակվի, նրանց ապագան բոլորովին այլ ընթացք կունենա։ Այսօր սա Վրաստանում միակ հնարավորությունն է, որ իմ և մյուս գյուղերի երեխաները կարողանան կրթություն ստանալ, սովորել պետական լեզուն՝ վրացերենը, և դառնալ լիարժեք քաղաքացիներ»։
«1+4» ծրագիրը նախատեսված է ազգային փոքրամասնությունների՝ հայերի, ադրբեջանցիների, օսերի և այլ խմբերի համար՝ ապահովելու բարձրագույն կրթության հասանելիություն արտոնյալ պայմաններով։ Մայրենի լեզվով, օրինակ՝ հայերի դեպքում՝ հայերենով, կարելի է ընդունվել վրացական բուհ, մեկ տարի սովորել պետական լեզուն, այնուհետև հեշտությամբ ուսումը շարունակել բակալավրիատում։
«Վրաստանի իշխող ուժը խորհրդարանական ընտրություններից հետո կրթական ոլորտում նախատեսվող փոփոխությունների շրջանակում հայտարարել է «1+4» ծրագիրը դադարեցնելու մտադրության մասին։
Իշխանությունների հիմնավորմամբ՝ արդեն 15 տարի գործող ծրագիրը տվել է սպասված արդյունք, և էթնիկ ոչ վրացի երիտասարդների 93 տոկոսը լավ տիրապետում է վրացերենին։
Սակայն այս տվյալները վիճարկում են փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ ուսանողները, ծնողները և դասախոսները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
«1+4» ծրագրի հիմնադիր անդամ, կրթական հարցերով փորձագետ Կախա Գաբունիան Հանրային ռադիոյի հետ զրույցում նշում է, որ ծրագրի հնարավոր փակումն այս փուլում որևէ արդարացում չունի․
«2010 թվականին, երբ ներդրվեց ծրագիրը, ես ևս ակտիվորեն ներգրավված էի այդ գործընթացում։ Գաղտնիք չէ, որ ի սկզբանե այն նախատեսվում էր որպես ժամանակավոր ծրագիր՝ մինչև 2018 թվականը, և պետք է ավարտվեր, երբ դպրոցներում բարձրանար պետական լեզվի ուսուցման մակարդակը։ Սակայն այդ ուղղությամբ իրականացված քայլերը դեռևս բավարար չեն ծրագրի փակման համար։ Որպես մասնագետ՝ այս փուլում ես բացասաբար եմ գնահատում դրա հնարավոր դադարեցումը։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ նախ պետք է ուժեղացնել փոփոխությունները դպրոցներում, և միայն դրանից հետո քննարկել ծրագրի չեղարկումը»։
Մինչ ծրագրի ներդրումը հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթիի դպրոցների շրջանավարտներն ուսումը հիմնականում շարունակում էին Հայաստանում։ Մինչև հինգ ուսանող էր այդ շրջանից ընդունվում վրացական բարձրագույն հաստատություն, իսկ այսօր նրանց թիվը անցնում է հազարը։
«1+4» ծրագրում այսօր ընդգրկված է Վրաստանի ավելի քան 25 բուհ, ինչը հնարավորություն է տալիս Ջավախեթիի հայկական դպրոցների շրջանավարտներին սովորել պետական լեզուն՝ վրացերենը, ստանալ բարձրագույն կրթություն։
Ծրագրի հարյուրավոր շրջանավարտներ, կրթվելով Վրաստանում, բազմաթիվ հաջողություններ են արձանագրել և աշխատանք գտել։
Հայ համայնքի ներկայացուցիչները ևս ծրագիրը չդադարեցնելու կոչ են անում։ Նախկին մանկավարժ, համայնքային գործիչ Գոհար Մազմանյանը նշում է․
«Ծրագրի փակումը մեծ սխալ կլինի․ ես դա ասում եմ որպես հայ, մանկավարժ, քանի որ առաջին հերթին այդ ծրագրի փակման հարվածը կզգան շրջաններում։ Եթե այդ ծրագիրը չլինի, Ջավախեթիում, որտեղ չկա վրացերենի բնական միջավայր, շրջանավարտները չեն կարող վրացերենով քննություն հանձնել։ Կտրելով այդ երեխաներին Թբիլիսիիում սովորելու հնարավորությունից, նրանց թողնում ենք անգրագետ, ճանապարհ հարթելով, որ հեռանան Վրաստանից։ Իսկ ծրագիրը մինչև օրս մեծ հաջողություններ է գրանցել, եզակի տաղանդներ հայտնաբերել»։
Սկսված բողոքների ֆոնին Վրաստանի կրթության նախարարությունը հայտարարում է, որ «1+4» ծրագիրը կշարունակվի մինչև 2030-2031 ուսումնական տարին։ Իսկ կրթության ոլորտի մասնագետները կոչ են անում ծրագիրը շարունակել այնքան, մինչև երկրի էթնիկ փոքրամասնությունների դպրոցները չապահովեն վրացերենի լիարժեք իմացություն։
Նշեմ՝ Վրաստանում հայկական դպրոցների թիվն անցնում է հարյուրը, մեծամասնությունը Սամցխե Ջավախեթիում են: Թեև վերջին տարիներին հայկական դպրոցներն անցել են երկլեզու՝ հայերեն և վրացերեն ուսուցման ծրագրին, այդուհանդերձ շրջանավարտների վրացերենի իմացությունը դեռևս բավարար չէ։