Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է մի շարք նախագծեր

Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերաքննիչ բողոքների քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ապահովելով գործերի քննության ողջամիտ ու առավել սեղմ ժամկետներ:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո գլխադասային հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում նախագծում կատարվել են մի քանի առանցքային փոփոխություններ: Մասնավորապես, առաջարկվել է օրենսգրքով նախատեսել Վերաքննիչ քրեական դատարանում բողոքների քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու հնարավորություն: «Առաջարկվում է օրենսգրքով ամրագրել, որ վերաքննիչ վարույթը կարող է իրականացվել գրավոր ընթացակարգով, եթե դատարանը՝ սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ, հանգել է համոզման, որ նման ընթացակարգով հնարավոր է ապահովել վարույթի լիարժեք, համակողմանի եւ արդարացի քննությունը»,- նշել է հիմնական զեկուցողը՝ հավելելով, որ կատարվել են նաեւ մի շարք այլ խմբագրական փոփոխություններ:

««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծով առաջարկվում է պարտադիր ապահովագրության համակարգում ներառել նաեւ մոպեդները, տրիցիկլները եւ քվադրիցիկլները:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ ներկայում էլեկտրոնային ռեգիստրում հաշվառված է ավելի քան 2500 երկանիվ եւ 30 եռանիվ մոպեդ, ինչպես նաեւ 120-ից ավելի տրիցիկլ եւ քվադրիցիկլ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ներկայացրել է ««ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկվող փոփոխությունը:

Մասնավորապես, կհստակեցվի եւ կսահմանվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակը:

««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է լիազորությունների լայն շրջանակ եւ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար բարեվարքության ստուգման կառուցակարգերի ներդրման, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով ստանձնած հանձնառությունների իրագործման, ինչպես նաեւ Կառավարության կողմից ընդունված ռազմավարական փաստաթղթերով սահմանված առաջնահերթությունների ապահովման անհրաժեշտությամբ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի ներկայացմամբ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է լրացնել առկա օրենսդրական բացը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են խմբագրական փոփոխություններ:

Գեւորգ Քոչարյանը ներկայացրել է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ Կառավարության ընդունած համապատասխան որոշմամբ 2025 թվականի դեկտեմբերի 31-ից դադարեցվել է Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը:

Դրանով պայմանավորված՝ նախագծով առաջարկվում է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը:

Քննարկված նախաձեռնություններն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ:

Leave a Comment