ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Կառավարությունը նախատեսում է Ազգային ժողով ներկայացնել նախագիծ, որով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվող կուրսանտները կկարողանան ստանալ նաև երկրորդ մասնագիտություն։ Նախաձեռնությունն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ։
«Գաղափարը հետևյալն է, որ արդեն հաջորդ տարվանից այս տարվա ընդունվողները իրենց հիմնական զինվորական մասնագիտությունից զատ հնարավորություն կունենան մեր մասնագիտական պատվերի շրջանակներում հայաստանյան այլ բուհերում ևս կրթություն ստանալ»,- ասել է Պապիկյանը։
Ըստ նրա՝ ծրագիրը նպատակ ունի ձևավորել բազմապրոֆիլ սպայական կազմ։
«Մենք ուզում ենք ունենալ սպա-հոգեբան, սպա-ինժեներ, սպա-շինարար, սպա-ճարտարապետ, սպա-մանկավարժ: Մենք զուգահեռ կունենանք մրցունակ քաղաքացի, որը 20 տարի հետո կկարողանա աշխատաշուկայում լինել մրցունակ մարդ, որովհետև զինվորական փորձից զատ կունենա նաև այլ մասնագիտություն»,- ասել է նա։
Քննարկվում է համագործակցության հարցը մի շարք բուհերի, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի, Մանկավարժական համալսարանի և Պոլիտեխնիկական համալսարանի հետ։