Հայաստանում ատելության խոսքի և վիրավորական վարքագծի դեմ պայքարի նոր մոտեցում է առաջարկվում. արդարադատության նախարարությունը երկար քննարկումներից հետո հանրության ու փորձագիտական կարծիքի է ներկայացրել նոր նախագիծ, որի ընդունման դեպքում ատելության խոսքից տուժած անձը կամ անձինք հնարավորություն կունենան դատական կարգով պահանջել հեռացնել նման հրապարակումները, հրապարակել դատարանի վճիռը, պահանջել հրապարակային ներողություն, ինչպես նաև պահանջել ոչ նյութական վնասի հատուցում։
Բացի այդ, վարչական պատասխանատվություն կսահմանվի այն անձանց համար, ովքեր հնչեցրել կամ տարածել են ատելության խոսք, ինչպես նաև այն հարթակների համար, որոնք սահմանված ժամկետում չեն հեռացրել նման բովանդակությունը։
Արդարադատության նախարարությունն առաջարկում է «Քաղաքացիական օրենսգրքում» ամրագրել, որ այն անձինք կամ անձանց խմբերը, որոնք դարձել են ատելության խոսքի թիրախ, կարող են դատարան դիմել և պահանջել ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Խոսքն այնպիսի հրապարակային արտահայտությունների կամ վարքագծի մասին է, որոնցով նվաստացնում, ծաղրում կամ թիրախավորում են անձին՝ նրա սեռի, ռասայի, կրոնի, քաղաքական հայացքների, սոցիալական վիճակի և այլ հատկանիշների հիմքով։
Առաջարկվող փոփոխություններով՝ եթե դատարանը բավարարի ատելության խոսքի թիրախ դարձած մարդու հայցը, դրա հեղինակին կարող են պարտադրվել տարբեր միջոցներ՝ վիրավորական բովանդակության հեռացումից մինչև հրապարակային ներողություն և դրամական փոխհատուցում։ Փոխհատուցման չափը կարող է հասնել նվազագույն աշխատավարձի 1000-ից 2000-ապատիկի, շուրջ 500 հազար դրամ։ Մեջբերում նախագծից․
Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսք, այդ թվում՝ հայհոյանք հնչեցնելը կամ այնպիսի վարքագիծ դրսևորելը, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին, առաջացնում է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով տուգանք։
Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքից, զլմ ալիքից կամ էջից ատելության հրապարակային խոսքը չհեռացնելը ոչ ուշ, քան 3 օրացուցային օրվա ընթացքում ենթադրում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։
Տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողների կողմից թվարկվածը չհեռացնելը անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրացուցային օրում կհանգեցնի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով տուգանքի։
Գործող օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված է միայն քրեական պատասխանատվություն։ Նախաձեռնության հեղինակները կարծում են՝ անհրաժեշտ է ավելի ճկուն իրավական գործիքակազմ, այն է՝ ատելության խոսքի առավել մեղմ դրսևորումների համար սահմանել վարչական կամ քաղաքացիական պատասխանատվության միջոցներ՝ լրացում կատարելով Քաղաքացիական օրենսգրքում։
Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջարկվող փոփոխությունները նպատակահարմար է համարում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ Հայաստանը հաճախ հայտնվում է տեղեկատվական արշավների թիրախում, և դրանց հակազդելու համար անհրաժեշտ են ավելի արդյունավետ մեխանիզմներ։
«Գիտենք, թե որ կենտրոնից է հիմնականում դա գալիս, տարբեր տեսակի «մատրյոշկաներ» և այլ ալիքներ, որոնք մերձկրեմլյան շրջանակների հետ ուղիղ կապ ունեն»։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը քանիցս անդրադարձել է ատելության խոսքի տարածման խնդրին ու դրա հետևանքներին՝ նկատելով նաև օրենսդրական դաշտի բացերը։ Ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում խնդիրը ոչ այնքան խոսքի ազատությանն է վերաբերում, որքան հենց այդ ազատության չարաշահումներին։
«Շատ եմ գնահատում խոսքի ազատությունը, այս միջավայրում մոտ 40 տարի եմ աշխատում, բայց խոսքի ազատությունը բացարձակ հասկացություն չէ։ Որովհետև գոնե եվրոպական երկրներում, նաև մեր երկրում խոսքի ազատությանը ոչինչ չի սպառնում՝ օբյեկտիվ պայմաններով․ հարյուրավոր, հազարավորումիլիոնավորհարթակներ կան, որտեղ մարդը կարող է արտահայտել իր տեսակետը»։
Կարևոր է նկատի ունենալ, որ առաջարկվող փոփոխություններով դիտարկվելու են ոչ միայն ատելության խոսք հնչեցրած անձին ք, այլև՝ այն հարթակները, որոնք տարածելու են ատելության խոսքը՝ նախորդած քննարկումների ժամանակ պարզաբանել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Խոսքը սոցիալական կայքերի և նման հարթակների մասին է, այսինքն՝ պատասխանատվության սյուբյեկտ համարվելու է նաև համապատասխան հարթակը, որը տարածելու է ատելության խոսքը, ինչը, կարծում եմ, ևս առաջընթաց քայլ է՝ ուղղված ոլորտի օրենսդրական դաշտը կարգավորելուն ուղղված»։
Մեդիա դաշտում և փորձագիտական շրջանակում հնչում են նաև մտահոգություններ, որ նման կարգավորումները կարող են օգտագործվել նաև որպես ճնշման գործիք։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն օրենսդրական փոփոխությանը նայում է երկու կողմից․ նշում է՝ օրենսդրական նախաձեռնությունները կարող են օգտակար լինել, եթե հասարակության մեջ գործում է համապատասխան մշակույթ, սակայն ներկա և նախկին պաշտոնատար անձանց կողմից հնչող ծանր խոսույթը տալիս է ազդակ, թե այդպիսի խոսքը նորմալ է։
«Մենք ունեցել ենք բավականաչափ տհաճ և իրավական տեսանկյունից ոչ այնքան ընդունելի մոտեցում, երբ ատելության խոսքը քրեականացված էր, և մենք տեսանք, որ բազմաթիվ այդպիսի դրսևորումների պարագայում հիմնականում պատժվում էին այն անձինք, որոնք ատելության խոսք էին հնչեցնում կամ բռնության կոչեր էին հնչեցնում իշխող անձանց նկատմամբ»։
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ ատելության խոսքը հաճախ պայմանավորված է հենց քաղաքական խոսույթի մակարդակով։ Ինչպես են քաղաքական ուժերը գնահատում այսօրվա քաղաքական դիսկուրսի մակարդակը, երբ հնչում են ոչ եթերային ձևակերպումներ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ընդդիմության հետ իրենց փոխանակած բառամթերքի թույլատրելիության մասին հարցին արձագանքում է․
«Ինչպիսին ընդդիմությունն է, այդպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է։ Մենք շատ կուզենայինք, որ մեր ընդդիմադիրները լինեին ինտելեկտուալ, լինեին կառուցողական կամ թեկուզ ապակառուցողական, բայց, այնուամենայնիվ, լինեին նորմալ քաղաքական դիսկուրսի մեջ, խոսեին ինչ-որ կարևոր բաներից»։
Որոնք են լինելու այն չափանիշները, որոնցով որոշվելու է ատելության խոսքի և խոսքի ազատության, այսպես ասած, նուրբ սահմանը՝ սա շարունակում է մնալ այս թեմայի ամենալուրջ կողմերից մեկը։ Թե օրենսդրական նախաձեռնության հեղինակները, թե փորձագետները շեշտում են, որ հարկ է ճշգրտորեն սահմանել այդ իրավական գործիքի կիրառման մեխանիզմները, որ անզգույշ խոսույթը մահակ ու ֆինանսական ճնշման գործիք չդառնա մարդու ու մեդիայի համար։