Քաղաքաշինության կոմիտեն և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում են քաղաքաշինական կարգավորումների բարելավման շուրջ համատեղ քննարկումները։
Քաղաքաշինության կոմիտեում կայացած հերթական հանդիպման ժամանակ կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ու Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանն ընդգծել են, որ առաջիկայում անհրաժեշտ է առաջնահերթ բարելավումներ կատարել գործող մի խումբ կարգավորումներում, իսկ հետագայում գնալ ոլորտը կանոնակարգող որոշ իրավական ակտերի հիմնովին արդիականացման ճանապարհով։
Նախորդ հանդիպման արդյունքում ներկայացված գաղափարների և առաջարկների հիման վրա կոմիտեն մշակել է փոփոխությունների նախագիծ, որը մանրամասն քննարկվել է տեսչական մարմնի գործընկերների հետ։ Անդրադարձ է կատարվել շինարարության ավարտի և շահագործման հանձնման փուլերում ընդունող հանձնաժողովների անդամների գործառույթներին, ակտի ստորագրման ժամկետներին, պահանջվող փաստաթղթերին։
Քաղաքացիների շահերի առավելագույն պաշտպանություն ապահովելու և ներդրումային ծրագրերի ընթացքը չխոչընդոտելու համար կարևորվել է գործընթացներում ներգրավված բոլոր մարմինների կողմից համաձայնեցումների, պատասխանների տրամադրման ժամկետների հստակեցումը, կրճատումը և տարբերակումն՝ ըստ օբյեկտների ռիսկայնության աստիճանների։ Կարևորվել է նաև բարեկարգման աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմների սահմանումը։
Կոմիտեն և տեսչական մարմինը շարունակելու են համատեղ աշխատանքը՝ փոփոխությունների վերջնական տարբերակի ձևավորման ուղղությամբ։