Նախադպրոցական ուսումնական հաստատություններում մի քանի տարի առաջ ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, որպեսզի այս կամ այն խնդիրն ունեցող երեխաները դուրս չմնան սոցիալականացումից ու չկաշկանդվեն շփումներում: Ինչպես դպրոցներում, այնպես էլ մանկապարտեզներում այդ երեխաների հետ աշխատում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներն ու մանկապարտեզների թիմը:
Արմավիրի մարզում նոր կառուցված մանկապարտեզները հարմարեցվում են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների կարիքներին: Սակայն դրանով չի սահմանափակվում առողջական խնդիրներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների ներառման հարցը: Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատում են մասնագետներ, բայց կարևորվում է նաև մանկավարժների դերը՝ ասում է ծնողներից Սոնա Քոթոյանը:
«Ուղղակի դաստիարակն այնքան լավն է, չգիտեմ, ինչ ասեմ՝ մեծ մարդ է: Եթե իմ շրջապատում իր նման մի 5 հոգի մարդ լինի՝ ես չեմ խեղճանա, չեմ ամաչի: Ինքն ուրիշ ձևով է մոտենում իմ երեխային՝ փաթաթվում, սիրում, համբուրում է, այն դեպքում, որ երեխաս չի թողնում՝ իրեն մարդ մոտ գա, բայց դաստիարակին սիրում է»:


Սոնայի տղան աուտիզմի համախտանիշ ունի և չի խոսում: Վաղ տարիքից մայրը դիմել է մասնագետներին ու երեխային չի մեկուսացրել հասարակությունից: Ամեն ինչ արել է նրա սոցիալականացման համար:
«1.5 տարեկանից նկատեցի, որ խոսք չունի, 1.8-ում՝ դիմեցի Արմավիրի «Արևածագ» երեխայի խնամքի ցերեկային կենտրոն, 2 տարեկանից սկսեց հաճախել պարապմունքների: Իսկ 3.5 տարեկանից տարել ենք մանկապարտեզ, մինչև հիմա գնում է: Իր մոտ ծանր տեսակն է, բացարձակ խոսք չունի, բայց 5 տարեկանից որոշակի փոփոխություններ նկատվում են, փառք Աստծո»:
Տղան հիմա մանկապարտեզի ավագ խմբում է։ Սիրով է հաճախում, մասնակցում է էքսկուրսիաների: Սոնան նկատել է, որ իր երեխայի նկատմամբ հոգատար վերաբերմունք են ցուցաբերում նաև խմբի երեխաները:

Խնդիրներ ունեցող երեխաների սոցիալականացման արդյունավետությունը պայմանավորված է մասնագետների ու ծնողների համատեղ աշխատանքով՝ համոզված է Արմավիրի թիվ 1 մսուր-մանկապարտեզի մեթոդիստ Աշխեն Այվազյանը: Այս մանկապարտեզում կա 2 գնահատված երեխա:
«Քանի որ մենք աշխատում ենք ՏՄԱԿ-ի՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հետ, շաբաթական 2 անգամ նրանց հետ աշխատանք է տարվում: Գալիս են հոգեբանն ու լոգոպետը, բայց միայն ՏՄԱԿ-ի մասնագետների աշխատանքը բավարար չէ: Կարիք կա, որ հաստատությունում լինի հոգեբան աշխատակից, որպեսզի այդ երկու օրից բացի մշտական աշխատանք տարվի: Ծնողները երեխաներին տանում են նաև անհատական այլ ծառայությունների»:

Արմավիր համայնքի մի քանի մանկապարտեզներում կան հոգեբանի կամ լոգոպետի թափուր հաստիքներ: Համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Սամվել Գալստյանն ասում է, որ պլանավորել են բացը լրացնել մյուս մանկապարտեզների մասնագետների օգնությամբ:
«Տարվա սկզբին այդ հարցը քննարկվել է. եթե մենք չկարողանանք բոլոր կառույցներում ապահովել տվյալ հաստիքները, գոնե, մեր աշխատակիցներին կուղարկենք այդ հաստատություններ, գրաֆիկ կունենան»:
Մանկապարտեզն օգնում է երեխաների զարգացմանը, խոսքի շտկմանը, վարքագծի փոփոխություններին: Արմավիրի թիվ 1 մսուր-մանկապարտեզի մեթոդիստ Աշխեն Այվազյանը դրանում բազմիցս համոզվել է:
«Լինելով երեխաների միջավայրում, երեխան ինչ-որ բան դիտելով՝ կարողանում է կրկնօրինակել այդ ամենն ու ավելի շուտ է սոցիալականցվում»:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններից հետո կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ավելի հեշտ են հարմարվում դպրոցին՝ վստահեցնում է Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի հոգաբան Անժելա Գաբրիելյանը:
«Կարևորում եմ մանկապարտեզի դերը, որովհետև այդ միջավայրում երեխաներն ավելի լավ են զարգանում, միմյանց հետ շփվելու կարողություններն են զարգանում, հաղորդակցվելու, որ հետագայում դպրոց գնալիս՝ իրենց համար ավելի հեշտ լինի»:
Մասնագետները միակարծիք են՝ երեխաները մշտապես պետք է գտնվեն ուշադրության ու հոգածության կենտրոնում, որպեսզի դեռահասության շրջանում չբախվեն առկա խնդիրներին ու դժվարությունները հեշտությամբ հաղթահարեն: