Իրանի իշխանությունները ստացել են ԱՄՆ-ի կողմից մշակված հակամարտության կարգավորման 15 կետից բաղկացած ծրագիր։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյաներին։
Գործակալության աղբյուրների համաձայն, ծրագիրը ներառում է պատժամիջոցների վերացման, քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության, իրանական միջուկային ծրագրի դադարեցման և իրանական օբյեկտների մոնիթորինգի դրույթներ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կողմից։ Ծրագիրը նաև նախատեսում է Հորմուզի նեղուցում նավարկության ապահովում և հրթիռային զենքի սահմանափակումներ։
Վերջին օրերին, ըստ ամերիկյան կողմի, ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումներ են տեղի ունեցել միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով։ Սակայն Թեհրանը հերքում է ԱՄՆ ղեկավարության հայտարարությունները, որ արդյունավետ բանակցություններ են ընթանում։