Արաղչին Չինաստանին և Ռուսաստանին կոչ է արել հաստատակամ դիրքորոշում որդեգրել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, մասնավորապես՝ Չինաստանին և Ռուսաստանին, կոչ է արել հաստատակամ դիրքորոշում որդեգրել՝ դատապարտելով Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիան և կանխել Միացյալ Նահանգների կողմից Խորհրդի հետագա շահարկումը, հայտնում է Tasnim-ը:

Երեքշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին և նրա չինացի գործընկեր Վան Ին քննարկել են տարածաշրջանային զարգացումները և Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական ագրեսիայի հետևանքները:

Արաղչին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական արշավը անվանել է տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակի հիմնական պատճառը՝ ընդգծելով Իրանի հաստատակամ վճռականությունը՝ ազգային ինքնիշխանությն ու տարածքային ամբողջականության պաշտպանման հարցում, մինչև չհասնեն բոլոր նպատակներին և չստիպեն թշնամուն զղջալ իր «բարբարոսական ագրեսիայի» համար։

Իրանի արտաքին գործերի նախարարը Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը դիտարկել է որպես տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի անբաժանելի մաս՝ հավելելով, որ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում անվտանգության բացակայությունը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայով։ Արաղչին ընդգծել է, որ Իրանի կողմից ձեռնարկվող միջոցները համապատասխանում են միջազգային իրավունքին և ուղղված են սեփական ինքնիշխանության ու ազգային անվտանգության պաշտպանությանը, ինչպես նաև նպատակ ունեն կանխել ագրեսորների կողմից Հորմուզի նեղուցի օգտագործումը՝ Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար։ Նա նշել է, որ Հորմուզի նեղուցը փակ է ամերիկյան և իսրայելական նավերի, ինչպես նաև Իրանի դեմ ռազմական ագրեսիային մասնակցող այլ կողմերի համար՝ հավելելով, որ այլ երկրներին պատկանող նավերի տեղաշարժն իրականացվում է իրանական համապատասխան իշխանությունների հետ համաձայնեցված կերպով։

Արաղչին վճռականորեն դատապարտել է Իրանի վրա ճնշում գործադրելուն ուղղված Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների և որոշ այլ երկրների գործողությունները՝ հայտարարելով, որ Անվտանգության խորհուրդը, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտքը կատարելու փոխարեն, անտեսել է ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը՝ ԱՄՆ-ի և այլ երկրների ագրեսիան։

Իրանը լրջորեն ակնկալում է, որ Անվտանգության խորհրդի անդամ պետությունները, հատկապես Չինաստանը և Ռուսաստանը, թույլ չեն տա ԱՄՆ-ի կողմից Անվտանգության խորհրդի հետագա շահարկումը՝ հստակ դիրքորոշում որդեգրելով ամերիկա-իսրայելական ագրեսիվ պատերազմի դատապարտման հարցում, հայտարարել է Արաղչին:

Leave a Comment