25 մարտի 2026 – 11:32 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի երկու բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել մոտ 187 միլիոն դրամի չարաշահումների գործով և ոչ միայն։ Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Տիգրան Գալստյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հափշտակության և կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար, իսկ կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը՝ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Տիգրան Գալստյանը, 2008 թվականի սեպտեմբերի 2-ից զբաղեցնելով գլխավոր հաշվապահի պաշտոնը, կիրառել է իր պաշտոնեական լիազորությունները պետական միջոցները յուրացնելու նպատակով։ Նրան վերագրվել է վճարման հանձնարարականներում կեղծ տվյալների ներառում, խաբեություն և կոմիտեի գլխավոր քարտուղարների վստահության չարաշահում։ Մեղադրական եզրակացությամբ նշվել է, որ 2019-2024 թվականներին «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» ծրագրի շրջանակում գիտական կազմակերպությունների կողմից չօգտագործված և կոմիտեի հաշվին վերադարձված 210,946,800 դրամը պետական բյուջե փոխանցելու փոխարեն, տարբեր կեղծ հիմնավորումներով, ընդհանուր առմամբ 212,106,000 դրամ փոխանցվել է ՀՀ տարբեր առևտրային բանկերում Գալստյանի անունով բացված հաշվեհամարներին։ Այդ գումարից, ըստ մեղադրանքի, յուրացվել է 187,506,457 դրամ։
Լևոն Ֆարմանյանը, որը գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի սեպտեմբերի 17-ից, մեղադրվել է իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Ըստ մեղադրանքի՝ լինելով կոմիտեի ֆինանսական գործընթացների պատասխանատու, նա պատշաճ չի իրականացրել իր պարտականությունները, ինչի հետևանքով անզգուշությամբ պետությանը հասցվել է առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս։
Տիգրան Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է պաշտոնավարման կասեցում՝ զուգակցված բացակայելու արգելքով։ Լևոն Ֆարմանյանի դեպքում կիրառվել են գրավ, պաշտոնավարման կասեցում և բացակայելու արգելք։
Գործը մարտի 11-ին փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Մերի Մոսինյանին։