Տնտեսվարողների համար պարզեցվում են հարկային գործընթացները․ ՊԵԿ նախագահը ԱԺ-ում ներկայացրել է օրենքի նոր նախագիծ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն Ազգային ժողովում պատգամավորների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հարկ վճարողների կյանքը հեշտացնելու համար օրենքում կատարվում են մի շարք փոփոխություններ, որոնք պարզեցնում են հարկային գործընթացներն ու ստեղծում ավելի հստակ և կանխատեսելի միջավայր բիզնեսի համար։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ Մասնավորապես՝

  • ապրանքների վերադարձի դեպքում սահմանվում է գործարքների ճշգրտման հնարավորություն՝ առանց «հետվաճառք» ձևակերպելու։ Ինչը թույլ  կտա վերադարձն իրականացնել նույն գործարքի շրջանակում՝ դարձնելով գործընթացն ավելի պարզ ու տրամաբանական, իսկ հարկային հաշվետվությունները՝ ավելի ճշգրիտ
  • ՀԴՄ կտրոնով ապրանքների գնումների վերադարձի դեպքում ճշգրտումները կարտացոլվեն հենց վերադարձի ամսվա հաշվետվությունում, այլ ոչ թե վաճառքի ամսվա հաշվետվությունում
  • գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվողները մինչև 115 մլն դրամի շրջանառության շեմը իրենց արտադրանքի իրացման համար ԱԱՀ չեն վճարի։ Մինչև այդ շեմը ԱԱՀ կվճարեն, եթե կունենան այլ գործարքներ: Այն պարզեցնում է հարկային հաշվառումը՝ նվազեցնելով գյուղատնտեսությամբ զբաղվողների վրա ընկնող հավելյալ բեռը
  • նախատեսվում է ԱԱՀ-ից ազատել ոչ միայն պետությանը, այլև համայնքներին ապրանքների նվիրատվությունները՝ ապահովվելով նվիրատվության համանման գործարքների մասով հարկման նույն պահանջների կիրառումը 
  • վերանայվում է չեղարկված հաշվի փոխարեն դուրս գրված նոր հարկային հաշվով ԱԱՀ-հաշվանցման կանոնը՝ նախատեսելով, որ ձեռքբերողը ԱԱՀ-ի հաշվանցումները կկատարի ձեռքբերման հաշվետու ժամանակաշրջանում: Փոփոխությունների արդյունքում ձեռքբերողը նախկինում կատարված հաշվանցումների մասով ճշտումներ չի կատարի և լրացուցիչ տույժեր չեն առաջանա
  • ոչ ռեզիդենտ ընկերությունների (Google կամ Facebook և այլն) ԱԱՀ-ի վճարման համար սահմանվում է միասնական, պարզեցված ընթացակարգ՝ e-VAT համակարգով։ Փոփոխությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ԱԱՀ-իհաշվարկումն ու վճարումը դառնում է հստակ և առավել պարզ՝ նվազեցնելով բիզնես գործընթացում ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման բարդությունները
  • ԵՏՄ-ից ներմուծվող դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների ներմուծման ակցիզային հարկը նախատեսվում  է վճարել մինչև ներմուծման օրվան հաջորդող ամսվա 20-ը: Այդ փոփոխությամբ հարկի գումարները սահմանին վճարելու փոխարեն նախատեսվում է վճարել ավելի ուշ՝ ապահովելով հարկ վճարողների կողմից ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման ավելի բարենպաստ պայմաններ
  • դրոշմավորման ենթակա կաթնամթերքի կորուստների թույլատրելի նորման բարձրացվում է՝ 1%-ից դառնալով 2%։ Փոփոխությունը թեթևացնում է հարկային բեռը՝ թույլ տալով արտադրողներին կորուստներն արդյունավետ կառավարել։

Այս փոփոխությունները նպատակ ունեն տնտեսվարողների համար հեշտացնել հարկային գործընթացները, պարզեցնել հաշվետվությունները և ստեղծել կանխատեսելի, արդար ու հարմար միջավայր՝ նպաստելով տնտեսության զարգացմանը, գործարարների կյանքի թեթևացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և վարչարարության ընթացքում հնարավոր վեճերի նվազեցմանը։

Leave a Comment