Վլադիմիր Վարդանյանը ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:
Հիշեցնենք նաև, որ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մարտի 19-ին վայր դրեց պատգամավորական մանդատը:
Ստորև ներկայացված է Վլադիմիր Վարդանյանի կենսագրությունը՝
- Վլադիմիր Վարդանյանը ծնվել է 1979 թ. օգոստոսի 26-ին Երևանում:
- 2000 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2002 թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս է:
- 2002 թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, 2004 թ. տեղափոխվել է ԵՊՀ ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
- Աշխատանքային գործունեությունն սկսել է 2003-ին:
- 2003-2006 թթ. եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013 թթ.՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016 թթ.՝ նույն ծառայության պետ:
- 2016-2018 թթ. աշխատել է որպես ՍԴ խորհրդական:
- 2005 թվականից ԵՊՀ դասախոս է: 2007-2015 թթ.՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս է եղել, 2014-2015 թթ.՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ:
- 2018 թվականից Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 2018-2026 թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: 2019-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
- «Իմ քայլը» խմբակցության անդամ: 2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Անդամակցում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային (International Association of Genocide Scholars (IAGS)), Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավաբանական կենտրոնի (Armenian Legal Center for Justice and Human Rights) հոգաբարձուների խորհրդին, «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական տարեգրքի» և «Իրավական նախաձեռնություն» համառուսաստանյան գիտագործնական ամսագրերի խմբագրական խորհուրդներին, «Միջազգային իրավունքի բելառուսական տարեգրքի» միջազգային խմբագրական խորհրդին:
- Հայաստանի միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի (ICLaw) համահիմնադիր է: Համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: 1949 թ. Ժնևի առաջին կոնվենցիայի 2016 թ. մեկնաբանությունների (հայաստանյան) գրախոսողն է: Եվրոպայի խորհրդի «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի փորձագետ է, «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուսումնական դասընթացի ծրագրի համահեղինակ: Մեկ մենագրության և 30-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
- 2026-ից զբաղեցնում է ԵԽԽՎ-ի Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը: