Տնական սուշի, օնլայն վաճառք․ ինչ ռիսկեր են տեսնում մասնագետները վերահսկողությունից դուրս սննդի հարցում

Վերջին տարիներին սուշիի օնլայն վաճառքը զգալիորեն աճել է։ Տնային պայմաններում պատրաստված այդ ուտեստը հեշտությամբ հասնում է սպառողին, սակայն ոլորտում վերահսկողության որոշակի բացեր կան, որոնք մտահոգություններ են առաջացնում։

Սուշին այսօր աշխարհի ամենահայտնի ու պահանջված ուտեստներից է։ Այն ընտրում են թարմ բաղադրիչների, յուրահատուկ համի և ասիական խոհանոցի գրավչության համար։ Սուշին վաղուց արդեն հասանելի է նաև Երևանում։ Այստեղ գործում են բազմաթիվ սուշի բարեր։

Վերջին տարիներին նոր միտում է նկատվում։ Այդ ուտեստն արդեն պատրաստում են ոչ միայն ռեստորաններում, այլև տնային պայմաններում։ Տնական սուշին վաճառվում է օնլայն հարթակներով։

Համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ մարդիկ բացատրում են, թե ինչպես են տանը սուշի պատրաստում, համտեսում ընկերների ու հարազատների հետ։  

Տնական սուշի պատրաստելը ոմանց համար անգամ փոքր բիզնես է դարձել։ Պատվերն ընդունելուց հետո պատրաստված ուտեստը գեղեցիկ փաթեթավորվում է և առաքվում պատվիրատուին։

Վաճառքը հիմնականում կատարվում է սոցիալական ցանցերով։ Իսկ մեկ անգամ պատվիրելուց հետո օգտատերը պարբերաբար նույնատիպ գովազդներ է ստանում, դառնալով թվային մարքեթինգի թիրախ։

Գովազդային լուսանկարներն ու տեսանյութերը բնականաբար շատ ախորժալի են։ Ուստի, վստահելով գովազդին, մարդիկ պատվիրում են իրենց նախընտրած ուտեստը։ Բայց երբեմն լինում է, որ այն չի համապատասխանում սպասումներին։ Բայց խնդիրը միայն համը չէ։ Մասնագետները ավելի կարևոր հարց են առաջ քաշում․ որքանո՞վ է անվտանգ տնային պայմաններում պատրաստված և օնլայն եղանակով վաճառվող սնունդը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Անուշ Հարությունյանը վստահեցնում է, որ այդ հարցը մշտապես գերատեսչության  ուշադրության կենտրոնում է։

«Այս պահին մենք հավաքագրում ենք օնլայն հարթակներում գործող էջերը և ուսումնասիրում, թե որոնք են իրավաբանական, և որոնք՝ ֆիզիկական անձինք։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն կատարում է միայն իրավաբանական անձանց նկատմամբ»։

Մասնագետն ասում է, որ ֆիզիկական անձանց դեպքում խնդիրը բարդանում է, քանի որ գործող օրենսդրությամբ վերահսկողությունը սահմանափակ է։

Միևնույն ժամանակ անորակ սննդամթերքի, մասնավորապես սուշիի հետ կապված բողոքներն ավելանում են։ Սա ոլորտի պատասխանատուներին ստիպում է լուծումներ փնտրելու։ Քննարկվում է նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը և վերահսկողությանը այլ կառույցների, օրինակ՝ ոստիկանության կամ հարկային մարմինների ներգրավումը։

Մինչև նոր կարգավորումների ի հայտ գալը սպառողը մնում է ընտրության առաջ․ վստահի՞ տնային արտադրանքին ու օնլայն վաճառքին, թե՞ նախապատվությունը տա վերահսկվող սննդի կետերին։

Ի դեպ, սուշիի ժամանակակից տեսքը ձևավորվել է 1980-ականներին Ճապոնիայում, թեև նմանատիպ ուտեստներ գոյություն են ունեցել դեռևս 7-րդ դարում Չինաստանում և Հարավարևելյան Ասիայի երկրներում։ Ժամանակակից սուշիի տարածման հարցում մեծ դեր է ունեցել Հանայա Յոհեյը։ Ճապոնացի այդ խոհարարն առաջիններից էր, որ սկսեցին ձուկը մատուցել հում վիճակում։

Այսօր սուշին դարձել է համաշխարհային ճանաչում ունեցող ուտեստ, սակայն դրա պատրաստման և վաճառքի պայմանները հաճախ են դառնում քննարկման թեմա։

Leave a Comment