Գալյան․ Գնահատականը միջադեպին տվել է հենց վարչապետը, ավելին չեմ կարող ասել

Գալյան․ Գնահատականը միջադեպին տվել է հենց վարչապետը, ավելին չեմ կարող ասել

23 մարտի 2026 – 15:25 AMT

PanARMENIAN.NetԳնահատականը մետրոյում տեղի ունեցած միջադեպին տվել է հենց վարչապետը, ավելին չեմ կարող ասել, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Մարտի 22-ի առավոտյան մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է ՀՀ քարտեզի տեսքով կրծքանշան նվիրել մանկահասակ որդու հետ երթևեկով կնոջը, սակայն կինը հրաժարվել է՝ ասելով․ «Մենք ուրիշ քարտեզ ունենք»: Փաշինյանը խոսակցության ընթացքում ասել է․ «Որևէ մեկդ այս քարտեզի մասին քամահրանքով չխոսեք, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։

Նա կոչ է արել չներկայացնել իրավիճակը այնպես, թե իշխանության կողմից կարող է ձևավորվել ատելություն տեղահանված անձանց նկատմամբ, հայտնում է Aysor.am-ը:

«Խնդրում եմ այլևս չփորձեք մեկնաբանել այնպես, որ տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ որևէ ձևով կարող է ատելություն գեներացվել իշխանության կողմից:

Նախորդ շաբաթ ներառականության մասով մեծ միջոցառում ունեցանք, որը նվիրված էր տեղահանված մեր քույրերի և եղբայրների պաշտպանությանը։ Այնտեղ շատ մարդիկ կային, որոնք հաստատվել են Հայաստանում և օգտվում են սոցիալական ծրագրերից։ Այդ ամենում ես ոչ թե ատելություն նկատեցի իշխանության կողմից կամ, առհասարակ, վարած քաղաքականությունից, այլ ընդհակառակը՝ հոգատարություն, մեծ խնամք ու մեծ պատրաստակամություն աջակցելու»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ չի ցանկանում գնահատական տալ, թե տվյալ միջադեպում խախտվել են արդյոք կնոջ և երեխայի իրավունքները։

«Ես դրա իրավունքն էլ չունեմ, բայց եթե չեմ սխալվում, հաջորդիվ վարչապետը հրապարակում է արել այդ միջադեպի հետ կապված, և կարող եք, օրինակ, մեջբերել վարչապետի հրապարակումը»,-ասել է նախարարը:

Նա նաև անդրադարձել է հարցին, թե ինչպես կվարվեր նման իրավիճակում, և նշել, որ կփորձեր հասկանալ հետագա քայլերը։

«Ես կմտածեի՝ ինչ անել, և նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը։ Ես չեմ կարող որևէ որակում տալ այն երևույթին, որը տեղի է ունեցել, և գնահատականը միջադեպին տվել է հենց վարչապետը, ավելին չեմ կարող ասել»,-նշել է Գալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն է հրավիրել Արմինե Մոսիյանին՝ ուղիղ եթերում ներողություն խնդրելու: Մոսիյանը 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրն է:

Leave a Comment