ԱԺ-ում շարունակվում է կառավարության 2021–2026 թթ. ծրագրի 2025 թվականի կատարողականի քննարկումը, որի ընթացքում նախարարները ներկայացնում են ոլորտային զեկույցներն ու պարզաբանում պատգամավորներին հուզող հարցերը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների ընթացքին, Սահմանադրության նախագծի հրապարակմանը և «Նուբարաշեն» ՔԿՀ-ն փակելու ու նոր հիմնարկ կառուցելու ծրագրին, նաև՝ ներկայացրել ոլորտի կատարողական տվյալները՝ շեշտելով դատական գործընթացների արագացման ազդեցությունը համակարգի բարեփոխումների վրա։
Հայաստանը շարունակել է միջազգային ցուցանիշներով առաջադիմել կամ պահպանել դրական միտումները՝ կառավարության ծրագրի կատարողականը խորհրդարանում ներկայացնելիս ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
««Gallup» կենտրոնի «Օրենք և կարգ» զեկույցում գնահատվել ենք 84 %, նախորդ հաշվետու տարվա համեմատ առաջադիմելով 1 միավորով։ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատության համաթվում զբաղեցրել ենք 34-րդ հորիզոնականը՝ դիրքերը բարելավելով 9 հորիզոնականով։ Իսկ «Freedom House» հետազոտական կազմակերպության «Ազատությունը համացանցում 2025» զեկույցի շրջանակում շարունակում ենք մնալ համացանցի ազատության ցուցիչով ազատ պետությունների ցանկում»
Միջազգային հեղինակավոր կենտրոնների զեկույցներում առաջադիմելուն և գրանցածը պահպանելուն զուգահեռ՝ 2025-ին, ըստ Գալյանի, նոր թափ է հավաքել սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքը․արդեն մի քանի ամիս է՝ մշակվում է մայր օրենքի նոր տեքստը։ Սակայն Գալյանը հերքեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի տեղեկությունը, թե մամուլում արդեն հրապարակվել է Սահմանադրության բուն նախագիծը, որի շուրջ և բուռն քննարկումներ են ընթանում։
«Սահմանադրության նախագիծը չի հրապարակվել։ Իսկ թե ի՞նչ է հրապարակվել՝ չգիտեմ, չեմ կարող ասել։ Միայն կարող եմ ասել, որ մենք ժամանակին բազմաթիվ աշխատանքային վարժություններ ենք արել, գրել ենք, ջնջել ենք գոյություն ունեցող Սահմանադրության վրա, փոփոխություններ ենք արել և այլն»։
Արդարադատության նախարարը չի բացառում, որ քաղաքացիների ձեռքում կարող են հայտնվել աշխատանքային հարյուրավոր տարբերակներից մի քանիսը։ Ավելի վաղ նախարարը նաև շեշտել էր, որ իրենք, որպես իշխանություն, արդեն որոշակիացրել են փոփոխությունները, և որ սահմանադրական բարեփոխումների խորհրդի դիտարկումներն առավելապես խորհրդատվական են։
Սահմանադրական բարեփոխումներից բացի՝ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին հետաքրքրում է արդարադատության նախարարի հայտարարությունը, ըստ որի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն շենքային վատ պայմանների պատճառով նախատեսվում է փակել և փոխարենը կառուցել նոր հիմնարկ։
«Այն խոստումները, որ տրվում էին քրեակատարողական հիմնարկի շենքերի նորոգման, նոր շենքերի կառուցման, մանավանդ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն փակելուն և փոխարենը նոր բացելու․ այդ առումով մենք ինչ-որ բան ունե՞նք, թե՞ չունենք»։
Արդարադատության նախարարը նկատեց՝ նոր ՔԿՀ ունենալու խոստումը նախորդ նախարարների կողմից տրված չէ, այլ բխել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարությունից։ Բանակցում են մասնավոր ընկերության հետ՝ ստանալու գնառաջարկ, որը կարողանան համադրել պետության իրական հնարավորության և այլընտրանքային լուծումների հետ։
«Ինչ-ինչ պատճառներով այդ կարևորագույն փոփոխությունը հետաձգվել է, բայց մենք չենք հրաժարվել այդ գաղափարից»։
Ըստ կառավարության 2025 թվականի կատարողականի՝ միջին օրական հաշվարկով քրեակատարողական հիմնարկներում պահվել է 2 804 անձ, որոնցից 1 360-ը՝ դատապարտյալ, իսկ 1 444-ը՝ կալանավորված: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նկատում է՝ 2024 թվականի համեմատ այս թիվն աճել է 197-ով, և վերջին հինգ տարում առաջին անգամ դատապարտյալների թիվը գերազանցել է կալանավորվածներինը։
«Այնուամենայնիվ, ի՞նչն է պատճառը, որ համամասնությունը շարունակում է տարեկան կտրվածքով մնալ, ոչ թե ստատիկ»։
Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան՝ արդարադատության նախարարը ներկայացրեց, որ տարեկան միջինում 5000 մարդ է մուտք գործում և դուրս գալիս ՔԿՀ-ից։ Գալյանն առաջարկում է ուշադրությունն ուղղել միջինացված թվերին։
«Եթե դուք միջինացված տվյալները նայեք, այո՛, այս պահի դրությամբ դատապարտյալների թիվն ավել է լինելու, բայց մենք խոսում ենք ստատիկ տվյալների մասին։ Այս պահի կամ կոնկրետ պահի դրությամբ դատապարտյալների թիվը, բարեբախտաբար, ավել է կալանավորների թվից»։
Սրբուհի Գալյանը կարծում է՝ Հայաստանն այս առումով ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Նկատում է՝ դատական ակտերը կայացվում են ավելի արագ, ինչն էլ դառնում է կալանավորների թվի նվազման պատճառ։
Գալյանը նաև ամենաբուռն քննարկումների առիթ դարձած մի թեմայի էլ է անդրադարձել՝ տեղեկացնելով, որ հրապարակվել է ատելության խոսքի դեմ պայքարին միտված նախագիծը։
Ըստ այդմ՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսք, այդ թվում՝ հայհոյանք հնչեցնելը կամ այնպիսի վարքագիծ դրսևորելը, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին, առաջացնում է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով տուգանք։ Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքով, զլմ ալիքում կամ էջում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսքը չհեռացնելը ոչ ուշ, քան 3 օրացուցային օրվա ընթացքում ենթադրում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։
Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից թվարկվածը չհեռացնելը անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրացուցային օրում կհանգեցնի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով տուգանքի։