Ինչո՞ւ են մեզ անհրաժեշտ դիտարկումները

Եղանակը անձնագիր չունի, կլիման սահմաններ չի ճանաչում, իսկ ջուրը կապում է մեզ բոլորիս։ Մարտահրավերները չափազանց մեծ են, որպեսզի որևէ երկիր կարողանա միայնակ դիմակայել դրանց։ Եղանակի կանխատեսումները պահանջում են դիտարկումներ ամբողջ աշխարհից, և ոչ մի երկիր չի կարող դա իրականացնել միայնակ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Համաշխարհային համագործակցությունը՝ հիմնված վստահության և տվյալների փոխանակման վրա, կենսական նշանակություն ունի, եթե ցանկանում ենք շարունակել բարելավել եղանակի կանխատեսումների ճշգրտությունը, դրանց ժամանակին տրամադրումը և հասանելիությունը։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլոբալ դիտարկումների և կանխատեսումների համակարգը անհրաժեշտ է տնտեսական գնահատականների, ֆինանսական ներդրումների, առողջապահական և գյուղատնտեսության ոլորտների, ինչպես նաև ջրային և էներգետիկ ռեսուրսների կառավարման ծրագրերի արդյունավետ իրականացման համար։

Համաձայն ՀՕԿ-ի «Գլոբալ կլիմայի վիճակի մասին» զեկույցի՝ 2025 թվականը աշխարհում գրանցված երեք ամենատաք տարիներից մեկն էր, իսկ վերջին 11 տարիները եղել են ամենատաքը 1850 թվականից ի վեր։ Ջերմոցային գազերի ռեկորդային բարձր կոնցենտրացիաները կհանգեցնեն էլ ավելի բարձր ջերմաստիճանների գալիք սերունդների համար։

Երկրի վերաբերյալ դիտարկումները այսօր կարևոր են, քան երբևէ, որպեսզի վերահսկենք կլիմայի փոփոխության ազդեցությունները՝ ցամաքի և օվկիանոսների տաքացումը, ձյան և սառցադաշտերի հալքը, ինչպես նաև ծովի մակարդակի բարձրացումը։ Դիտարկումները հանդիսանում են եղանակի և կլիմայական տեղեկատվության հիմքը, որը հնարավորություն է տալիս ընդունել որոշումներ և պաշտպանել մեր տնտեսությունները և համայնքները։

Այնուամենայնիվ, գլոբալ դիտարկումների համակարգում դեռևս առկա են մեծ բացեր՝ թե՛ ցամաքում, թե՛ օվկիանոսում, ինչը նվազեցնում է մեր գործողությունների արդյունավետությունը։

ՀՕԿ-ը, հանձնառու լինելով փակել այդ բացերը, այս տարվա համաշխարհային օդերևութաբանի օրվան նվիրված կարգախոս է ընտրել՝ «Դիտարկելով այսօր՝ պաշտպանում ենք վաղը»։

Leave a Comment