Իրանից մի շարք մեկնաբանություններ են հնչել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության, ըստ որի՝ Վաշինգտոնի և Իրանի միջև բանակցություններ են ընթանում։ Այս մասին հաղորդում է Reutersը։
Իրանական Fars գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ կողմերի միջև ո՛չ ուղիղ, ո՛չ էլ անուղղակի բանակցություններ չեն եղել։
Իր հերթին Tasnimը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի ընթանում, իսկ Հորմուզի նեղուցը չի վերադառնա պատերազմից առաջ եղած վիճակին։ Նույն գործակալության տվյալներով՝ Թրամփը հրաժարվել է Իրանի կարևոր ենթակառուցվածքներին հարվածելու մտադրությունից՝ ֆինանսական շուկաների ճնշման պայմաններում։ Նշվում է նաև, որ Իրանը շարունակելու է պաշտպանվել՝ մինչև զսպման հասնելը։
Միաժամանակ Mehrը, հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը, գրում է, որ առկա են լարվածությունը նվազեցնելու նախաձեռնություններ։ Սակայն ընդգծվում է, որ երկխոսությունը պետք է նախաձեռնի Վաշինգտոնը, քանի որ պատերազմը չի սկսել Թեհրանը։ Նույն աղբյուրի գնահատմամբ՝ Թրամփի հայտարարությունները նպատակ ունեն նվազեցնել էներգակիրների գները և ժամանակ շահել ռազմական ծրագրերի համար։
Իր հերթին The Associated Pressը, հղում անելով իրանական պետական լրատվամիջոցին, նշում է, որ տարածաշրջանի երկրները հանդես են եկել լարվածության նվազեցման նախաձեռնություններով։ Սակայն Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ երկիրը չի սկսել պատերազմը, և բոլոր հարցումները պետք է ուղղվեն Վաշինգտոնին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ վերջին երկու օրերի ընթացքում Վաշինգտոնն ու Թեհրանը «լավ և արդյունավետ զրույցներ» են ունեցել Մերձավոր Արևելքում հակամարտության «ամբողջական և լիակատար լուծման» շուրջ։ Նրա խոսքով՝ այդ ֆոնին ինքը հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսված հարվածները, որոնք պետք է իրականացվեին, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը։