Իսրայելի ռազմական ծրագրերին ծանոթ իրազեկ աղբյուրը Reuters գործակալությանը հայտնել է, որ Վաշինգտոնը մշտական կապի մեջ է Թել Ավիվի հետ և տեղեկացնում է Թեհրանի հետ ընթացող բանակցությունների մանրամասների մասին։
Ըստ աղբյուրի՝ մեծ է հավանականությունը, որ Իսրայելը կհետևի Միացյալ Նահանգների օրինակին և նույնպես ժամանակավորապես կդադարեցնի Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը։ Չնայած այս տեղեկություններին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հրաժարվել է որևէ պաշտոնական մեկնաբանություն տալ ԱՄՆ-Իրան բանակցությունների կամ հարվածները հետաձգելու Սպիտակ տան որոշման վերաբերյալ։
Այս զարգացումները տեղի են ունենում նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած վերջնագրի ֆոնին, որի ժամկետը լրանում էր երկուշաբթի ուշ երեկոյան։ Հիշեցնենք, որ Թրամփը սպառնացել էր հիմնահատակ ոչնչացնել Իրանի էներգահամակարգը, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չվերաբացի Հորմուզի նեղուցը բոլոր տեսակի նավագնացությունների համար։
