Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկվում են երկու երկրների բուհերի միջև ուսանողների փոխանակման և կրթաթոշակների սահմանման հարցերը, ինչպես նաև միջմշակութային և ենթակառուցվածքային մի շարք նախագծեր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը անդրադարձել է ակադեմիական փոխանակման ծրագրին, որի մասին հայտարարվել էր 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Երևանում հատուկ ներկայացուցիչների վեցերորդ հանդիպմանը, երբ կողմերը պայմանավորվել էին ջանքեր գործադրել ակադեմիական և մշակութային ոլորտում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես՝ ուսանողների համար կրթաթոշակային հնարավորությունների ստեղծման միջոցով։
Միրզոյանը հիշեցրել է, որ արդեն հասանելի է Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր կրող անձանց համար e-visa համակարգով և առանց պետական տուրքի մուտքի արտոնագրի տրամադրումը։ Որպես իրողություն՝ նա նշել է նաև Հայաստան «Թուրքական ավիաուղիների» մուտքի մասին։
Միրզոյանը տեղեկացրել է նաև Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման նախագծի շուրջ քննարկումների մասին, որի համար ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ, իսկ մշակութային ոլորտում քննարկվում են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
Երկրներն արդեն 4 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները: Երկու երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումները սկսվել են 2022 թվականից։ 2022-ին կողմերը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել 3-րդ երկրների քաղաքացիների համար, բայց Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ այդ հարցում թուրքական կողմից առաջընթաց չկա։
Հայ-թուրքական հարաբերությունների հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը 2025-ի սեպտեմբերի 12-ին այցելել էր Հայաստան։
