Հայաստանն ու Թուրքիան քննարկում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը

Հայաստանի ու Թուրքիայի միջև քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով ԱԳՆ-ի 2025 թվականի գործունեության զեկույցը։  

Նախարարի խոսքով՝ Հայաստանն ու Թուրքիան այս պահին ունեն բավականին դինամիկ, ակտիվ և խոստումնալից երկխոսություն։

Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Երևանի ու Անկարայի միջև արդեն իսկ կան հստակ պայմանավորվածություններ, որոնց իրագործման ուղղությամբ երկու երկրներն առաջ են ընթանում։

«Կողմերի միջև այժմ նույնիսկ քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը»,-ասել է Միրզոյանը։

Նա նաև հավելել է, որ 2025 թվականի ընթացքում հայ և թուրք պաշտոնյաների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ ու շփումներ, ինչը վկայում է երկու պետությունների միջև դինամիկ կերպով առաջ ընթացող երկխոսության մասին։

Leave a Comment