Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման ներկայացված և Առողջապահության նախարարության կողմից մշակված նախագիծը, որը վերաբերում է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման և դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգին։
Ինչո՞ւ է անհրաժեշտ այս իրավական ակտը
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով հաշվվող բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման և դրանց միջոցով վճարումների իրականացման կարգը պետք է սահմանվի ՀՀ կառավարության կողմից։
Ներկայացված նախագիծը նպատակ ունի կարգավորել այս հարաբերությունները և ապահովել բոնուսային համակարգի գործնական կիրառումը։
Ո՞րն է ընթացիկ իրավիճակը և ինչ խնդիրներ կան
Չնայած օրենքով արդեն նախատեսված են բոնուսային համակարգի որոշակի կարգավորումներ, սակայն դրա գործնական կիրառման համար անհրաժեշտ ընթացակարգեր առկա չեն։
Միաժամանակ, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում պետությունը որդեգրել է հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խրախուսման քաղաքականություն, որի գործիքներից մեկն էլ հենց բոնուսային համակարգն է։
Ի՞նչ է առաջարկվում նախագծով
Նախագծով առաջարկվում է սահմանել՝
- բոնուսային միավորների հաշվարկման մեխանիզմը՝ որպես առողջ ապրելակերպի խրախուսման գործիք,
- լրացուցիչ գործակիցներ՝
- արյան կամավոր դոնորության,
- մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորման,
- ծխելուց և ալկոհոլից հրաժարվելու դեպքերում,
- բոնուսային միավորների հաշվարկման և փոխանցման կարգը,
- դրանց միջոցով անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգը,
- բոնուսային միավորների օգտագործման ուղղությունները։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում նախագծի ընդունումից
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝
- բոնուսային համակարգի լիարժեք գործարկում,
- առողջ ապրելակերպի խրախուսման գործուն մեխանիզմի ներդրում,
- ապահովագրված անձանց կանխարգելիչ վարքագծի խթանում,
- հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման մակարդակի բարձրացում։
Բյուջետային ազդեցությունը
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Ինչպե՞ս են հաշվարկվելու բոնուսային միավորները
Օրենքի համաձայն՝
- բոնուսային միավորները հաշվարկվում են առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով,
- դրանք կուտակվում են ապահովագրված անձի բոնուսային հաշվին, եթե տարվա ընթացքում (բացի կանխարգելիչ ծառայություններից) այլ ապահովագրական հատուցում չի եղել։
Նախագծով սահմանվում է, որ՝
- տարեկան փոխանցվող բոնուսային միավորները չեն կարող գերազանցել ապահովագրավճարի 10%-ը (մինչև 12.960 դրամ),
- եթե տարվա ընթացքում այլ հատուցում չի եղել, անձին կտրամադրվի 5.000 բոնուսային միավոր,
- 1 բոնուսային միավորը համարժեք է 1 դրամի։
Ինչպե՞ս են սահմանվել գործակիցները
Գործակիցները սահմանվել են՝ հաշվի առնելով հանրային առողջապահական առաջնահերթությունները, մասնավորապես՝ խրախուսելով առողջ վարքագիծը։
Արդյո՞ք անհրաժեշտ են այլ իրավական փոփոխություններ
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։