Իսրայելցի վերաբնակիչները հարձակվել են պաղեստինյան գյուղերի վրա՝ հրեա դեռահասի մահից հետո

Իսրայելցի ծայրահեղական վերաբնակիչները զանգվածային հարձակումներ են իրականացրել օկուպացված Արևմտյան ափի մի շարք պաղեստինյան գյուղերի վրա՝ 18-ամյա վերաբնակիչ Եհուդա Շերմանի մահից հետո։ Վերջինս, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է քառանիվ մոտոցիկլով երթևեկելիս՝ պաղեստինցու վարած մեքենայի հետ բախման հետևանքով։ Իսրայելական ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը՝ պարզելու՝ միջադեպը դիտավորյալ էր, թե պատահական, գրում է BBC-ին։

Դեպքից հետո վերաբնակիչների կողմից օգտագործվող WhatsApp խմբերում տարածվել են «վրեժխնդրության արշավ» սկսելու կոչեր, ինչից հետո բռնություններն արագորեն տարածվել են։ Հարձակումների ընթացքում հրկիզվել են տներ, մեքենաներ և գյուղատնտեսական դաշտեր։ Իսրայելի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մեկ գիշերվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 20 նման միջադեպ։

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ իրենց ստորաբաժանումներն ու սահմանային ոստիկանությունը տեղակայվել են մի շարք բնակավայրերում՝ անկարգությունները վերահսկելու նպատակով։

Հարձակումների թիրախ են դարձել Ջալուդ, Քարյութ, ալ-Ֆունդուկմիա և Սիլաթ ալ-Դհահ գյուղերը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ մարտի սկզբից ի վեր վերաբնակիչների կողմից սպանվել է առնվազն 6 պաղեստինցի, իսկ տարածաշրջանում բռնությունների մակարդակը զգալիորեն աճել է՝ հատկապես Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողություններից հետո։

Leave a Comment