Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջել է Երևանում, որի ժամանակ՝ մետրոպոլիտենում, նրա և մի կնոջ միջև վեճ է սկսվել այն բանից հետո, երբ Փաշինյանն առաջարկել է ՀՀ դրոշով պատկեր նվիրել կնոջ երեխային։
«Մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք»,- Փաշինյանին այսպես է արձագանքել կինը և նրան մեղադրել Արցախի կորստի մեջ։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է․ «Բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու, դա հաշվի առեք»։
Արձագանքելով Փաշինյանին՝ կինն ասել է, որ «թեպետ Փաշինյանը չի թողել, որ իրենք Արցախում ապրեն, բայց հիմա չի կարող իրենց զրկել Արցախում ապրելու հույսից»:
Փոխադարձ արձագանքներից հետո Փաշինյանը բարձր ձայն և «մատ թափ տալով» է պատասխանել կնոջը՝ հորդորելով Արցախի հետ կապված մեղադրանքներ չհնչեցնել։
«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել։ 2023-ին դուք էիք մեղադրում ինձ, որ ճանապարհը փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, հիմա եկել եք այստեղ և ասում եք՝ մենք ուզում էինք վերադառնայինք։ Մենք ՀՀ քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, ինչի՞ չեք մնացել»,- ասել է Փաշինյանը։
Կինն էլ ի պատասխան Փաշինյանին հորդորել է իր հետ բարձր ձայնով ու մատ թափ տալով չխոսել։
Ավելի ուշ «Հրապարակը» գրել է, որ կինը 1993 թվականին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրն է՝ Արմինե Մոսիյանը։
Միջադեպին արձագանքել են նաև իրավապաշտպաններ և փաստաբաններ։ Փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ իրական ժողովրդավար երկրում բարձրաստիճան պաշտոնյան «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ մեկի հետ:
«Մանկահասակ երեխայի ներկայությամբ կնոջ հետ այդպես խոսալը, երբ էթնիկ զտումներ տեսած մեր հայրենակիցներն իրենց արդար բողոքն են ներկայացնում, մեղմ ասած շատ ամոթ է»,- գրել է Վարդևանյանը։
Փաստաբան Մարինե Ֆարմանյանն իր գրառման մեջ նշել է, որ դեպքը կնոջ տղա երեխայի ներկայությամբ էր, որն ի զորու չէր իր մայրիկին պաշտպանելու:
«Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները չեն տեսել, չէ՞ : Դե պարզ է, ինչու՞ պիտի տեսնեն… Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք…»,- մասնավորապես գրել է Ֆարմանյանը։
Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել է, թե զոհվածի աղջկան «փախած» չի անվանել ու միաժամանակ ներողություն խնդրել։
«Նման բան չեմ ասել, բացառված է։ Եթե այդպես է ընկալվել՝ սխալ է ընկալվել։ Եթե ինչ-որ բան այնպես չեմ ասել՝ ներողություն եմ խնդրում» – ասել է Փաշինյանը լրագրողներին։
