Առողջ երկարակեցության պետական ծրագիրն այս տարի շարունակվում է նոր ոգով, շնչով ու կատարելագործված բովանդակությամբ։ Երևանի 11 վարչական շրջաններում և Արարատի, Սյունիքի, Լոռու ու Արմավիրի քաղաքային և գյուղական բնակավայրերում 65 և ավելի տարեկան կենսաթոշակառուները հնարավորություն ունեն հանդիպելու, կատարելու ֆիզիկական վարժություններ, կոգնիտիվ պարապմունքներ, երգելու, ասմունքելու, այցելելու թանգարաններ ու թատրոններ:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը բացատրում է, որ ծրագրի նպատակն է տարեց բնակչության շրջանում խթանել ֆիզիկական ակտիվությունը, զարգացնել ու ամրապնդել ճանաչողական գործառույթները և կանխել մեկուսացումը՝ նպաստելով սոցիալական նոր կապերի ստեղծմանը:
«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում համապատասխան վերապատրաստումներ են անցել տեղերում խմբերի մասնակիցների հետ աշխատող մասնագետները՝ հոգեբաններն ու մարզիչները:
ՀՎԿԱԿ-ի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և առողջության խթանման բաժնի պետ Տաթևիկ Մարգարյանի խոսքով՝ Երևանի Կենտրոն, Ավան, Արաբկիր, Զեյթուն համայնքներում խմբերը դեռ համալրվում են, ցանկացողները կարող են հերթագրվել ու այցելել:
«Ձեր առողջության պահպանումը ձեր ձեռքերում է, որ կյանքն ավելի երկար ու բովանդակալից լինի, առույգ ու ժիր լինեք»,- եզրափակում է նա՝ դիմելով ավագ սերնդի ներկայացուցիչներին: