«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի շնորհավորական ուղերձը նվիրված ջրի համաշխարհային օրվան։
«Հարգելի՛ գործընկերներ, ջրաբաններ և ջրային ոլորտի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Ջրի համաշխարհային օրվա և Հայաստանում նշվող Ջրաբանի օրվա կապակցությամբ։
Մարտի 22-ը միջազգային հանրության համար կարևոր առիթ է ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու ջրի նշանակության վրա՝ որպես կյանքի, առողջության և կայուն զարգացման հիմք հանդիսացող բնական ռեսուրսի։ Ջրային ռեսուրսների պահպանությունն ու խելամիտ կառավարումը մեր ժամանակների կարևորագույն խնդիրներից են, հատկապես կլիմայի փոփոխության և աճող ջրային պահանջարկի պայմաններում։
2026 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է՝ «Ջուր և գենդեր», իսկ կարգախոսը՝ «Որտեղ ջուրը հոսում է, այնտեղ հավասարությունն աճում է»։
Այս տարվա ուղերձը ընդգծում է ջրի հասանելիության և գենդերային հավասարության միջև առկա կարևոր փոխկապակցվածությունը։ Աշխարհի բազմաթիվ համայնքներում անվտանգ խմելու ջրի և սանիտարական ծառայությունների սահմանափակ հասանելիությունը շարունակում է խորացնել սոցիալական անհավասարությունները՝ առավել մեծ բեռ դնելով հատկապես կանանց և աղջիկների վրա, ովքեր հաճախ ստիպված են զգալի ժամանակ և ջանք հատկացնել ջրի ձեռքբերման համար։ Միևնույն ժամանակ նրանց մասնակցությունը ջրային ռեսուրսների կառավարման գործընթացներում դեռևս սահմանափակ է։
Համաշխարհային գնահատականներով՝ աշխարհի բազմաթիվ երկրներում կանայք և աղջիկները շարունակում են լինել ջրի հավաքման հիմնական պատասխանատուները, ինչի հետևանքով օրական հարյուրավոր միլիոն ժամեր են ծախսվում ջուր հավաքելու և բերելու համար։ Սա սահմանափակում է նրանց կրթության, աշխատանքի և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորությունները։ Այդ պատճառով ջրի անվտանգ և հասանելի ծառայությունների ապահովումը կարևոր քայլ է ոչ միայն հանրային առողջության բարելավման, այլև գենդերային հավասարության և սոցիալական արդարության ամրապնդման ուղղությամբ։
Հայաստանի համար ջուրը ռազմավարական նշանակության ռեսուրս է։ Մեր երկրի գետերը, լճերը և ստորերկրյա ջրերը կարևոր դեր ունեն տնտեսության զարգացման, գյուղատնտեսության, էներգետիկայի և էկոհամակարգերի պահպանության գործում։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Սևանա լիճը՝ որպես խոշորագույն քաղցրահամ ջրային ավազաններից մեկը և Հայաստանի ջրային անվտանգության կարևորագույն բաղադրիչ։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանությունն ու ջրային հավասարակշռության ապահովումը շարունակում են մնալ մեր երկրի բնապահպանական և տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
Այս պայմաններում առավել կարևոր է հիդրոօդերևութաբանական ծառայությունների դերը։ Ջրային ռեսուրսների դիտարկումը, դրանց փոփոխությունների գնահատումը, հիդրոլոգիական կանխատեսումները և ժամանակին տրամադրվող տեղեկատվությունը կարևոր հիմք են հանդիսանում արդյունավետ կառավարման, ռիսկերի նվազեցման և ապագա մարտահրավերներին պատրաստ լինելու համար։
Հարգելի՛ գործընկերներ, այս օրը նաև հնարավորություն է արտահայտելու երախտագիտություն բոլոր այն մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով, փորձով և նվիրումով ապահովում են ջրային ռեսուրսների մշտադիտարկումը, վերլուծությունը և գիտական գնահատումը։ Ձեր աշխատանքը կարևոր դեր ունի ինչպես բնական վտանգների կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգերի զարգացման, այնպես էլ մեր երկրի ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործում։
Վստահ եմ, որ ձեր մասնագիտական փորձն ու պատասխանատու աշխատանքը շարունակելու են նպաստել ջրային ոլորտի զարգացմանը և մեր երկրի ջրային անվտանգության ամրապնդմանը։
Թող այս տարվա կարգախոսը՝ «Որտեղ ջուրը հոսում է, այնտեղ հավասարությունն աճում է», դառնա մեր համատեղ աշխատանքի ուղենիշը՝ հանուն ջրի պահպանության, կայուն կառավարման և ապագա սերունդների բարօրության։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Ջրի համաշխարհային օրվա և Ջրաբանի օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ ձեր կարևոր և պատասխանատու գործունեության մեջ»։
