Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման ներկայացված «ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը։
Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունումը
Նախագծի ընդունումը պայմանավորված է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված արդյունքների ապահովմամաբ:
Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
«ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված է, որ մինչև 2023 թվականը 3-5 տարեկանների առնվազն 95%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական ծառայություններում:
ՀՀ կառավարության կողմից որդեգրված քաղաքականության և իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման և վերանորոգման/հիմնանորոգման ծրագրի իրականացման արդյունքում 2025 թվականի դրությամբ նախադպրոցական կրթության համակարգում 3-5 տարեկանների ընդգրկվածությունը կազմել է 81%, որը 2021 թվականի 64,3% ցուցանիշի համեմատ աճել է շուրջ 17%-ով:
Չնայած վերոգրյալին՝ քաղաքային բնակավայրերում դեռևս մտահոգիչ է այն երեխաների թիվը, որոնք մեծաթիվ հերթերով պայմանավորված՝ մինչև դպրոց գնալը այդպես էլ չեն հասցնում հաճախել մանկապարտեզ:
Այս համատեքստում առաջարկվում է նախադպրոցական կրթության ծառայությունների ցանցի ընդլայնում՝ մասնավորի հետ համագործակցությամբ:
Նախագծով առաջարկվում է նաև համանման մոտեցում սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համար՝ ամրագրելով, որ ֆինանսավորման համար հիմք ընդունվեն «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» մուտքագրված տվյալները:
Ներկայում ֆինանսավորման մեխանիզմները տարբերակված են և էականորեն տարբերվում են համայնքից համայնք. մի դեպքում ֆինանսավորման համար ելակետային է համարվում երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը, նույնիսկ ամսական կտրվածքով, մյուս դեպքում՝ հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը, արդյունքում` ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են ստեղծվում: Խնդիր է նաև նախադպրոցական տարբեր հաստատությունների կողմից իրականացվող ծախսերի անհամամասնությունը և դրանց ֆինանսավորման էական տարբերությունները համայնքից համայնք: