Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մարտի 21-ին հարված են հասցրել Նաթանզում գտնվող ուրանի հարստացման օբյեկտին։
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել այս հայտարարությունը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ նախնական տեխնիկական գնահատման արդյունքներով ռադիոակտիվ նյութի արտահոսք չի գրանցվել, և շրջակա բնակչության համար վտանգ չկա։
Հայտարարության մեջ հարվածը որակվել է որպես միջազգային իրավունքի և պարտավորությունների, այդ թվում՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի խախտում։
Իրանը տեղի ունեցածի մասին տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։ Գործակալությունը, իր հերթին, նշել է, որ օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացում չի արձանագրվել և ուսումնասիրում է ստացված տեղեկատվությունը։
Նաթանզի միջուկային օբյեկտը գտնվում է Սպահան նահանգում՝ Թեհրանից մոտ 250 կմ հարավ և համարվում է Իրանի հիմնական միջուկային կենտրոններից մեկը։
Այն ներառում է վերգետնյա և ստորգետնյա ուրանի հարստացման համալիրներ, որտեղ տեղակայված են հազարավոր ցենտրիֆուգներ։ ԱԷՄԳ տվյալներով՝ Նաթանզում իրականացվել է ուրանի մինչև 60% հարստացում։ Համեմատության համար՝ ատոմակայանների աշխատանքի համար բավարար է 3–5% հարստացված նյութ, մինչդեռ միջուկային զենքի ստեղծման համար պահանջվում է շուրջ 90%։
2025 թվականի ամռանը Նաթանզի օբյեկտն արդեն ենթարկվել էր հարվածների, որոնց հետևանքով ոչնչացվել էին վերգետնյա ցենտրիֆուգները։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի միջուկային օբյեկտները «լիովին ոչնչացվել են», սակայն ստորգետնյա հատվածների վնասման աստիճանը մինչ այժմ մնում է անորոշ։