Խայմովիչ․ Հայաստանի համար հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է

Խայմովիչ․ Հայաստանի համար հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է

21 մարտի 2026 – 14:07 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի համար հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է, հայտարարել է Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի նախկին ղեկավար Զվիկա Խայմովիչը «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ անհրաժեշտ է ձևավորել նոր անվտանգության հայեցակարգ։ Անդրադառնալով 2020-ի 44-օրյա պատերազմում տեղի ունեցածին ու Հայաստանի կրած պարտության պատճառներին, հրեա փորձագետն ընդգծել է, Հայաստանը պետք է մեծ դաս քաղեր դրանից, գրում է Panorama.am-ը:

«Այն փաստը, որ երկինքը չէր փակվել և նորանոր վտանգներ կային ԱԹՍ-ների կողմի, որոնք մեծ վնաս հասցրեցին պետությանը, անհերքելի է։ Նման վտանգները չի կարելի անտեսել, եթե դուք ունեք գիտելիք, պետք է այն ծառայեցվի պետությանն ու դրա շահին, նպատակին։ Եթե Հայաստանը ճիշտ կերպով կառուցեր իր պաշտպանությունը, իհարկե, պատերազմն այլ ելք կունենար։ Բայց ցավոք սրտի, ելքը շատ դրամտիկ եղավ»,-նշել է նա։

Խայմովիչը ներկայումս ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմում որպես փորձագետ։

Նա նշել է, որ Հայաստան է ժամանել ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու, իրավիճակը վերլուծելու և նոր մոտեցումներ ձևավորելու նպատակով՝ ուղղված երկրի ապագային։

«Ես եկել եմ ռազմավարական խորհուրդներ տալու, պարզաբանելու իրավիճակը, կառուցելու նոր ռազմավարություն, փիլիսոփայություն, որոնք փորձում ենք ներդնել Հայաստանում, Հայաստանի ապագայի համար։ Պետք է կառուցենք նոր հայեցակարգ, մոդելներ, որոնք կդիմակայեն ապագայի մարտահրավերներին ու վտանգներին։ Կարծում եմ, ուժն ու խաղաղությունն իրար հետ փոխկապակցված են։ Ուժեղ երկիրն է, որ կարող է հասնել խաղաղության, թույլը չի կարող, դրանք փոխկապակցված են միմյանց հետ»,-նշել է փորձագետը։

Ավելի վաղ տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցել են նաև հրավիրված փորձագետներ արտերկրից:

Leave a Comment