Հայաստանում անշարժ գույքի շուկան ակտիվանում է — Հայաստանի Հանրային Ռադիո

2026 թ. հունվարին ՀՀ-ում շինարարության ֆինանսավորման ծավալը կազմել է 22 մլրդ 262 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 18,7 %-ով: Դրա զգալի մասնաբաժինը կապված է անշարժ գույքի հետ՝ 64,9 %։ Բայց անշարժ գույքի շուկայում հատկապես վերջին տասնօրյակում փոփոխություններ են նկատվում։

Հայաստանում անշարժ գույքի շուկան ակտիվանում է, բայց դեռ պարզ չէ, թե դա ինչով է պայմանավորված՝ ասում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․

«Վերջին շաբաթվա ընթացքում հիպոթեկային վարկավորման նվազում չկա։ Անշարժ գույքի շուկայից տարբեր ազդակներ ենք նկատում․ ըստ էության՝ մեծ մասը վերաբերում է նրան, որ վերջին շրջանում գործարքներն ակտիվացել են։ Մարդիկ ակտիվ են։ Բայց վստահ չեմ կարող ասել, քանի որ դրանց թվային ազդակները դեռ չկան»։

Արդյոք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը կփոխի Հայաստանի անշարժ գույքի շուկան՝ այս պահին հստակ վերլուծություն չկա։ Հայտնի է, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիներից ոմանք հատկապես Դուբայում են անշարժ գույք ձեռք բերել։ Բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանի անշարժ գույքի շուկան նոր փուլ է մտել։ Մասնավորապես անշարժ գույքի առաջնային շուկայում որոշակի նվազում կա։ Բայց հիպոթեկային վարկերը դեռ մեծ մասնաբաժին ունեն ընդհանուր վարկային պորտֆելում։ 2025–ին հիպոթեկային վարկերի պորտֆելը կազմել է 1,6 տրլն դրամ՝ ընդհանուրի 21,3 %-ը։ Անցյալ տարի հիպոթեկային վարկերն ավելացել են, բայց ոչ նախկին ծավալով՝ շուրջ 13 %-ով, ասում է տնտեսագետ Մերի Բոյաջյանը․

«Երևանում ծավալներն աճել են 7,4 %-ով։ Իհարկե, պետք է հաշվի առնենք, որ Երևանում հիպոթեկային վարկերի բացարձակ ծավալը գրեթե երեք անգամ ավելի է՝ 1,18 տրլն դրամ՝ 480 միլիարդի դիմաց»։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2025-ին մարզերում ևս հիպոթեկային վարկերի աճ է արձանագրվել։ Բայց այստեղ էլ առաջատարը մայրաքաղաքին հարակից մարզերն են։ Բոլոր փոփոխությունները պայմանավորված են առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելիս եկամտային հարկի վերադարձով՝ ասում է տնտեսագետը․

«Եթե 2024-ինծրագրիցօգտվելէմոտ50 հզր շահառու, ապա 2025 թհոկտեմբերի տվյալներով՝ 62 հզր շահառու օգտվել է ծրագրից։ 2025-ին ծրագրի տարեկան ֆինանսավորումը նախատեսված է եղել 97 մլրդ դրամ։ Սա ամենաբարձր ցուցանիշն է եղել ծրագրի մեկնարկից ի վեր»։

2025-ին շինարարության ոլորտին տրված վարկերը ավելացել են մոտ 30 %-ով։ Դա պայմանավորված է ոլորտի երկնիշ աճով։ Այս տարվա առաջին ամիսներին նույնպես ոլորտը զարգացել է․ շինարարության ծավալը կազմել է շուրջ 23 մլրդ դրամ։ Անցած տարվա համեմատ աճը կազմել է 19 %: Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում առաջնային դիրքում է կազմակերպությունների ֆինանսավորած շինարարությունը՝ մոտ 13,5 մլրդ դրամ։ Այստեղ նույնպես աճ է արձանագրվել՝ մոտ 16 %, նշում է տնտեսագետ Սոս Խաչիկյանը․

«Դա նշանակում է, որ բոլոր դեպքերում շինարարության ոլորտում ներդրումները կան, առկա են, թեկուզև անշարժ գույքի տեսքով ուղղակի մնան, չիրացվեն։ Հիմա որոշ դեպքերում այդպես է, որովհետև գործարքները նվազել են, չեն իրացվում, բայց շինարարությունը, համենայն դեպս դեռևս տնտեսության մեջ, եկամտաբեր ճյուղ է համարվում»։           

Շինարարության ոլորտում առաջատարը բնակարանաշինությունն է։ Այստեղ պահպանվող բարձր ակտիվության և անշարժ գույքի պահանջարկի անհավասարակշռությունը վտանգներ է առաջ բերում, որոնք պետք է գնահատվեն, կարծում է փորձագետ Մերի Բոյաջյանը․

«Շինարարությունն այն ոլորտն է, ուր ուղղվում է հիպոթեկային վարկերի մեծ մասը, և այստեղ դեռևս բարձր ակտիվություն է պահպանվում, և այստեղ որոշակի ռիսկային միջավայր է ստեղծվում, քանի որ դուրս է եկել եկամտային հարկի վերադարձի օրենքը, ինչը նշանակում է, որ պահանջարկի հնարավոր անկում կլինի անշարժ գույքի նկատմամբ»։

Գլխավոր դրամատանը պահանջարկի հնարավոր անկումը չեն բացառում։ Դա բացատրում են նրանով, որ շատերն են արդեն գնել բնակարաններ, ինչը նշանակում է, որ ապագայում դրանց պահանջարկը, հետևաբար գները նույնպես գուցե նվազեն։ Բացի այդ՝ ավելցուկային առաջարկի ռիսկ կա. եթե բնակարանաշինությունը շարունակի աճել նույն տեմպերով, բայց նոր բնակարանների պահանջարկը նվազի, հնարավոր է՝ շուկան հայտնվի «հագեցած» վիճակում։

Leave a Comment