Արմավիր մարզի Հացիկ գյուղի մանկապարտեզի շենքը 1988թ-ից ժամանակավոր կացարան էր դարձել փախստականների համար: Գյուղի երեխաների մեծ մասը դպրոց են գնացել առանց նախնական կրթության: Աշխատող ծնողների համար դա լրացուցիչ հոգս է եղել և երեխաներին ստիպված տարել են հարևան գյուղերի մանկապարտեզներ: Հացիկում այժմ սուբվենցիոն ծրագրով երկհարկանի մանկապարտեզ է կառուցվում:
Հացիկ գյուղի կենտրոնում, դպրոցի դիմաց լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: Տեղացիները հաճախ են գալիս շինհրապարակ, հետաքրքրվում ու սպասում ավարտին: Գյուղում նոր մակապարտեզ է կառուցվում: Էվելինայի երկու տղաները մանկապարտեզ չեն հաճախել, հիմա ուրախությամբ հետևում է շինարարությանը:

«Էն ժամանակ չենք ունեցել մանկապարտեզ, բայց հիմա շատ լավ է, որ կառուցում են: Արդեն թոռնիկ կունենանք, նրանք կգնան: Իրոք, մանկապարտեզը շատ լավ է: Ես դպրոցում խոհարար եմ աշխատում: Ասենք, համեմատում եմ մանկապարտեզ գնացող երեխային չգնացողի հետ՝ տարբերությունը շատ մեծ է: Նախակրթարան ունենք դպրոցում, գալիս են, բայց դե՝ մանկապարտեզը մնում է մանկապարտեզ: Ասենք՝ երկար մնալը, երեխաներին սովորեցնելը»:

Նախակրթարանը բացվել է տարիներ առաջ, սակայն այստեղ հաճախում են նախադպրոցական տարիքի երեխաները: Դպրոցի բակում խաղացող 3-5-րդ դասարանի տղաներից մեկը Արմավիրում էր մանկապարտեզ գնացել, մի քանիսը՝ նախակրթարան:
«Նախակրթարանում ընկեր Տաթևն է մեր դասատուն եղել, մեզ լիքը բաներ է սովորեցրել: Օրինակ՝ ասել է, եթե մի հատ կոնֆետ եք ունենում միայնակ չեք ուտում, կիսվում եք ձեր եղբոր հետ»:

«Խաղացել ենք, գրել, նկարել ենք, տառերն էինք սովորում: Նախակրթարանի մեր խմբում 12 երեխա էինք, իսկ դասարանում՝ 31»:
«Ես երեք տարի հաճախել եմ Արմավիր քաղաքի «Փոքրիկ հրեշտակներ» մանկապարտեզը»:
Մանկապարտեզը ոչ միայն փոխում է երեխայի կյանքը, այլև օգնում է ծնողներին, հնարավորություն տալով զբաղվելու առօրյա հոգսերով՝ համոզված է Հայկուհի Փիլոյանը: Նրա երեխան այժմ հարևան գյուղի նորաբաց մանկապարտեզն է հաճախում:

Իրենց գյուղի մանկապարտեզի շահագործումից հետո աշխատող մայրը ժամանակի կորուստ չի ունենա:
«Միայն այն, որ գյուղաբնակ երեխաները կունենան հստակ զբաղվածություն, գիտելիքների պաշար, կարգ ու կանոն կսովորեն, կանոնավոր քուն, սնունդ, պարապմունքներ կունենան՝ դրանով ամեն ինչ ասված է»:

Հացիկի նախկին մանկապարտեզը գործել է մինչև խորհրդային կարգերի փլուզումը։ Հետո շենքը ժամանակավոր կացարան է դարձել Ադրբեջանից տեղահանված հայերի համար՝ ասում է Գագիկ Թումանյանը:
«Մի մանկապարտեզ ունեինք, 1988 թ. փախստականներն եկան, տվեցինք իրենց ու դրանից հետո փակվեց մանկապարտեզը: Հիմա էլ, որ նայես, ոնց որ ավերակներ լինեն, բայց այնտեղ ապրողներ կան»:
Գրեթե 40 տարվա ընդմիջումից հետո Արմավիր համայնքի ու պետության համաֆինանսավորմամբ անցած տարվա վերջին դրվեց մանկապարտեզի հիմքը: Երկհարկանի կառույցը նախատեսված է 4 խմբի՝ 100 երեխայի համար՝ ասում է համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը:
«Հացիկ բնակավայրում երեխաները հնարավորություն չունեն սեփական գյուղում հաճախել մանկապարտեզ և որոշում կայացվեց, որ այնտեղ պետք է բոլորովին նոր մանկապարտեզ կառուցվի: Նախագծում ներառված է նաև վերելակի կառուցման ու տեղադրման աշխատանքներ, որը կհեշտացնի հենաշարժական և այլ խնդիրներ ունեցող երեխաների և այլոց մուտքն ու տեղաշարժը մանկապարտեզում»:
Շենքի նկուղային հարկն արդեն կառուցվել է: Այն ծառայելու է որպես ապաստարան՝ ասում է Հացիկի բնակիչ Հովիկ Սարգսյանը: Նա ամեն օր հետևում է շինարարությանը:

«Նկուղում զուգարան է լինելու, լվացարան, ամեն ինչ: 30 տոննա տարողությամբ ջրի բաքերը տեղադրված են ներքին օգտագործման համար, նույնիսկ հակահրդեհային ավազան է լինելու: Նայեք, թե ինչ որակի աշխատանք է, ինչ ամրաններով է կառուցվում: Շատ որակով են աշխատում: Կարող են ծածկել, գնալ, բայց չէ: Հսկվում է անընդհատ՝ տեխհսկիչն է գալիս, աշխղեկն է ամողջ օրն այստեղ»:
Հացիկ գյուղի մանկապարտեզը նախատեսվում է շահագործել տարվա վերջին: Այն կառուցվում է համայնքի սուբվենցիոն ծրագրով՝ 387 մլն դրամ արժեքով, որի 70 տոկոսը վճարում է պետությունը: