Առանց վիզայի մուտքը հնարավոր է, բայց կախված է բարեփոխումներից

Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիություն առանց վիզայի մուտքը հնարավոր է, սակայն դրա ժամկետները կախված են ՀՀ կառավարության իրականացրած բարեփոխումներից։ Այս մասին ասաց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ մարտի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Թե կոնկրետ երբ դա տեղի կունենա, բացառապես ձեր կառավարության որոշելիքն է՝ հաշվի առնելով այն արդյունքները, որ պետք է ապահովեն կոնկրետ բարեփոխումները»,- ասել է հանձնակատարը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն իրականացնում է վիզաների ազատականացման գործընթաց, սակայն այն ունի հստակ պայմաններ։

«Մենք թույլ ենք տալիս այլ երկրից առանց վիզայի Եվրոպա այցելել այն մարդկանց, երբ վստահ ենք, որ այդ մարդիկ չեն սպառնա մեր ժողովրդավարությանը, մեր համակարգերին, մեր երկրին»,- նշել է նա։

Հանձնակատարը ընդգծել է, որ անհրաժեշտ են մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ սահմանների կառավարում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օրենսդրության ուժեղացում և տվյալների փոխանակման մեխանիզմների ներդրում։

Կոսը նաև նշել է, որ գործընթացը կարևոր է՝ հաշվի առնելով Եվրոպայում ապրող բազմաթիվ հայերին։

«Մենք ակնկալում ենք, որ հայերը կգան Եվրոպա առանց այցեգրերի անհրաժեշտության, որպես զբոսաշրջիկներ, այդ թվում՝ իրենց ընկերներին ու բարեկամներին տեսնելու»,- ասել է նա։

Leave a Comment