21 մարտի 2026 – 10:26 AMT
PanARMENIAN.Net – Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առիթով հղած ուղերձում նշել է, որ ՀՀ համար մեծ պատիվ է 2027-ին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը:
Նա նշել է, որ մարտի 20-ին, Ֆրանկոֆոն տարածքում և դրա սահմաններից անդին պաշտոնապես մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը՝ աշխարհի տարբեր անկյուններում համախմբելով ֆրանսախոսներին և Ֆրանկոֆոնիայի առանցքում գտնվող արժեքները կրողներին։
«Անմասն չմնալով այս գեղեցիկ ավանդույթից՝ Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով տարեցտարի բազմապատկվում և բազմազանեցվում են ամբողջ երկրի տարածքում կազմակերպվող միջոցառումները։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ դրանց շարժիչ ուժն ու առանցքը հայ երիտասարդությունն է։
Խորհրդանշանական է, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշվում է «Խաղաղության սերունդ․ երիտասարդության ներդրումը հանուն ավելի խաղաղ աշխարհի» խորագրի ներքո՝ ավելի քան արդիական և առանցքային թեմա մարտահրավերների բախվող ֆրանկոֆոն ընտանիքի, այդ թվում՝ մեր երկրի՝ Հայաստանի համար։ Այդպիսով, կարժևորվի և կընդգծվի երիտասարդների ներուժի կարևորությունը՝ խաղաղության հաստատման և ամրապնդման գործընթացներում:
Երկխոսության, համերաշխության և բազմազանության նկատմամբ հարգանքի միջոցով խաղաղության հաստատման և ամրապնդման գործում առանցքային դեր են խաղում մշակույթն ու սպորտը: Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը: Մեր երկիրը ﬔծ եռանդով և խանդավառությամբ պատրաստվում է՝ Խաղերի հոբելյանական 10-րդ թողարկումը ֆրանկոֆոն մեծ ընտանիքի ակնկալիքներին համահունչ լավագույնս կազմակերպելու նպատակով:
Համոզված եմ, որ Ֆրանկոֆոնիայի երկամսյակն այս տարի նույնպես լայն արձագանք կգտնի հայ հասարակության շրջանում՝ առավել ամրապնդելով ֆրանսերենի և ֆրանկոֆոն արժեքների դիրքերը Հայաստանում»,-ասվում է ուղերձում:
Միրզոյանը բարի երթ է մաղթել երկամսյակին և շնորհակալություն հայտնել բոլոր այն կառույցներին ու անհատներին, որոնց ջանքերով այս գեղեցիկ նախաձեռնությունը կյանքի է կոչվում։
Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Հայաստանում: ՀՀ-ն կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակության մոտ 4000 մասնակցի:
Ֆրանկոֆոնյան խաղերը 1989 թվականից ի վեր յուրաքանչյուր չորս տարին մեկ անցկացվող ֆրանկոֆոնիայի գեղարվեստական և սպորտային իրադարձություններ են, որոնք կազմակերպվում են հիմնականում ֆրանսախոս ժողովուրդների համար: