Կրեմլին մոտ տնտեսագետները մինչև տարեվերջ ռեցեսիա են կանխատեսում ՌԴ-ում. «Իզվեստիա» – Tsayg

Կրեմլին մոտ կանգնած տնտեսագետները կարծում են, որ մինչև ընթացիկ տարվա վերջ Ռուսաստանի տնտեսությունը կարող է ռեցեսիայի մեջ հայտնվել: Այս մասին հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով նախագահական վարչակազմին մոտ կանգնած Մակրոտնտեսական վերլուծության և կարճաժամկետ կանխատեսումների կենտրոնի զեկույցին։

Փաստաթուղթը նաև ենթադրում է, որ Ռուսաստանում անկումը կարող է երկարաձգվել և տևել մեկ տարուց ավելի՝ հաղորդում է պարբերականը։

Թերթի հետ հարցազրույցում փորձագետները կարծիք են հայտնել, որ Ռուսաստանի տնտեսական աճին խոչընդոտում են վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքը, ավելի պահպանողական բյուջետային քաղաքականությունը, կադրերի դեֆիցիտը, ինչպես նաև ներդրումների դադարը: Մասնագետների մի մասի համոզմամբ՝ ռեցեսիան ավելի հավանական կդառնա նավթի գների կտրուկ անկման կամ Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ նոր լայնածավալ պատժամիջոցների սահմանման դեպքում:

Ֆինանսական շուկաների ոլորտի փորձագետներն էլ կարծում են, որ ռեցեսիան հնարավոր սցենար է նույնիսկ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով նավթի գների աճի պայմաններում: Մասնավորապեսգնաճի նոր ալիքը կարող է ստիպել Ռուսաստանի Կենտրոնական բանկին դադարեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքների իջեցումը, ինչը կարող է կանխել բացասական սցենարը։

Փորձագետները նշում են, որ ներկայումս Ռուսաստանի տնտեսությունը կարող է աճել միայն պետպատվերի և ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հաշվին:

Leave a Comment