Հայաստանը 2026 թվականին Գնողունակության համարժեքությամբ ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով աշխարհում զբաղեցնում է 111-րդ հորիզոնականը։ 2026 թվականին հաշվարկված համաշխարհային տնտեսության ծավալը կկազմի մոտավորապես 219 տրիլիոն դոլար։ Այս ինդեքսով արժույթի միջազգային հիմնադրամը տնտեսության ողջ արդյունքը համադրում է բնակչության գնողունակության հետ։
Տնտեսագետների գնահատականով՝ Չինաստանը 2014 թվականից փաստացի գերիշխող տնտեսություն է դարձել ողջ աշխարհում։ Այդ երկրի տնտեսական կարողությունը գնահատվում է 43,5 տրիլիոն դոլար։ Սա գերազանցում է Միացյալ Նահանգների 31,8 տրիլիոն ցուցանիշը։
Հնդկաստանը աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունն է գնողունակության համարժեքության (ԳՀՀ) առումով։ Հաջորդը Ճապոնիան է 6,9 տրիլիոն դոլարով, այնուհետև Ինդոնեզիան (5,4 տրիլիոն դոլար) և Հարավային Կորեան (3,5 տրիլիոն դոլար)։ 2025-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 29,2 մլրդ դոլար։ 2024-ի համեմատ այն աճել է 7,2%-ով։ 2025 թ. Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 666 հազար 540 դրամ կամ 9474 դոլար։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանը բացատրում է այս թվերի նշանակությունը․
«Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, որ այդ գնողունակությունը չափվում է միջազգայինացված արժույթի միջոցով։ Պայմանական ասած, փոխարժեքների տարբերությունները այնպես են համադրվում, որ ստացվի, ենթադրենք, դոլարի միջազգային արժեք, որը իրական դոլարի այսօրվա արժեքի հետ կապ չունի։ Դոլարի միջազգային արժեքը համադրելով, պայմանական ասեմ՝ Չինաստանի արժույթը, Հայաստանի արժույթը, ԱՄՆ դոլարը, բրազիլական արժույթը և նաև այդ նույն իմ նշած երկրների և, իհարկե, մյուս բոլոր երկրների գների ինդեքսները։ Սա շատ բարդ մոդիֆիկացիա է հաշվարկի և շատ մոտավոր պատկեր կարող է տալ»:
Տնտեսագետները կարևորում են հատկապես այն, թե ինչպես է ձևավորվել ՀՆԱ-ն․ արդյո՞ք այն ներառական է, թե ոչ, արդյո՞ք Հայաստանի քաղաքացիները մասնակցել են ՀՆԱ-ի ձևավորմանը։
«ՀՆԱ-ի ստեղծման հիմնական ոլորտները հետևյալներն են՝ մենք գիտենք, որ ծառայությունների ոլորտը բավականին մեծ դեր ունի Հայաստանում։ Այդ առումով ինչպես բանկային, այնպես էլ առևտրի հետ կապված ծառայությունները, առցանց ծառայությունները բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն։
Մեծ տեսակարար կշիռ ունի նաև շինարարության ոլորտը։ Իհարկե, ֆինանսական հատվածը լուրջ դերակատարում ունի։ Գյուղատնտեսության ծավալներն են բավականին մեծ։ Արդյունաբերությունը, ընդհանուր առմամբ, մեծ տեսակարար կշիռ չունի, բայց հուսադրող է այն, որ արդյունաբերության մեջ վերամշակող արդյունաբերության տեսակարար կշիռը աստիճանաբար մեծացման միտում ունի։ Դա նշանակում է, որ Հայաստանում ստեղծվող ավելացված արժեքը, նոր արժեքի ստեղծումը ավելի մեծ չափերի է հասնում»։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասում է, որ հարկային եկամուտների անվանական մակարդակը կամ եկամուտների բացարձակ թիվը ոչինչ չի նշանակում․
«Մենք այն դիտարկում ենք մեր բոլորի կողմից անցյալ տարվա ընթացքում ստեղծված ամբողջական արժեքի՝ համախառն ներքին արդյունքի հետ, ինչպես նաև այն համեմատում ենք նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ»։
Վիճակագրական տվյալներ ներկայացնելով, տնտեսագետ Սոս Խաչիկյանն ընդգծում է՝ ավելացել են և՛ խնայողությունները, և՛ եկամուտները․
«Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ եկամուտների աճը այնպիսի ցուցանիշներ ունի, որ մարդիկ խնայելու տեղ ունեն, իրենց լրացուցիչ եկամուտները բանկային հատվածում կամ պարտատոմսերի շուկայում տեղաբաշխելու տեղ ունեն, և սա, բնականաբար, նշանակում է, որ գնողունակությունը բարձրացել է, դրա համար այդպիսի խնայողություններ կարող են իրենց թույլ տալ»։
Բայց փորձագետները նաև ընդգծում են, որ վերջին տարիներին Հայաստանի համախառն ներքին արդյունքի ձևավորմանը նպաստել են նաև արտաքին գործոնները։