2025 թվականին Հայաստանը տնտեսական աճ է ունեցել, ՀՆԱ-ն աճել է, արտահանումն ու արտադրողականությունը՝ կրկնապատկվել։ ԱԺ-ի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025-ի ցուցանիշները։
2025 թվականին Հայաստանի տնտեսությունը շարունակել է զարգանալ դրական տեմպերով․ այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Պապոյանի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում գրանցվել է 7.2 տոկոս տնտեսական աճ։ 2021–2025 թվականների ընթացքում ՀՆԱ-ի միջին աճը կազմել է մոտ 8 տոկոս, ինչը, նրա խոսքով, վկայում է, որ կառավարությունը կատարում է 2021–2026 թվականների համար սահմանված՝ տարեկան միջինը 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու իր նպատակային հանձնառությունը։
«2025 թվականին 2017-ի համեմատ ՀՆԱ-ն աճել է շուրջ 54 տոկոսով ՝ կազմելով 11.3 տրլն դրամ, ավելի քան 29 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն աճել է 2.4 անգամ կազմելով՝ 9474 ԱՄՆ դոլար»։
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ 2025 թվականին տնտեսության ընդհանուր արտադրողականությունը 2017-ի համեմատ կրկնապատկվել է՝ հասնելով 11.3 հազար դոլարի։
Գևորգ Պապոյանը նշում է նաև, որ արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել․ 2025 թվականին այն կազմել է 21.4 մլրդ դոլար։ 2017-ի համեմատ արտահանումը աճել է 3.8 անգամ, իսկ ներմուծումը՝ 3.2 անգամ։
Արտաքին առևտրաշրջանառության և տնտեսության ընդհանուր արտադրողականության վերաբերյալ ներկայացված տվյալները հարցեր են առաջացրել ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի մոտ։ Պատգամավորը նախարարից հետաքրքրվել է՝ արդյո՞ք Հայաստանը շարժվում է տնտեսական զարգացման ճիշտ ուղղությամբ։
«Միջին արտադրողականությունն, ասում եք՝ 11.3 տոկոս է, եթե 2 անգամ 2017-ից աճել է, միջին աշխատավարձն ինչքա՞ն է եղել 2017 թվականին և ՀՆԱ-ն ինչքա՞ն է եղել, որ մենք կարողանանք հասկանալ, արդյո՞ք մենք ճիշտ տեխնոլոգիաներ ենք բերում, արդյո՞ք մենք ճիշտ ոլորտներ ենք ընտրում և արդյո՞ք մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»։
Պատգամավորի հարցին ավելի պատկերավոր պատասխանելու և նախարարության աշխատանքի արդյունքը տեսանելի դարձնելու համար Պապոյանը ներկայացրեց հավելյալ թվերը։
«2017 թվականին 5.6 դոլար է եղել․ այսինքն՝ ստացվել է, որ փաստացի 26 տարվա ընթացքում մենք հասել ենք 5.6 դոլարի և հաջորդ 8 տարվա ընթացքում այդ թիվը կարողացել ենք կրկնապատկել»։
Գևորգ Պապոյանի խոսքով՝ 2010–2017 թվականներին ՀՆԱ-ի աճի տեմպը եղել է համեմատաբար ցածր և քիչ աչքի ընկնող։
«Մոտավորապես 4 ու քանիսից հազիվ հասել է 5 ու քանիսի»։
Էկոնոմիկայի նախարարը նկատում է՝ ՀՆԱ-ի աճը տնտեսությունն զգացել է տեղական արտադրանքի արտահանման տեսանկյունից։ Պապոյանը համեմատության համար ներկայացնում է 2017-ին և 2025-ին տեղական արտադրանքի արտահանման պատկերը։
«Եթե 2017 թվականին մենք ընդամենը 2 մլրդ դոլարի հայկական ծագման արտադրանք ենք արտահանել, ապա 2025 թվակաին այս ցուցանիշն առանց ոսկու, առանց վերաարտահանման, առանց հեռուստացույցի, այֆոնների, սամսունգների, առանց այդ ամեն ինչի կազմել է դրանից 2.2 անգամ ավելի շատ՝ 4.46 մլրդ դոլար, ընդ որում, վերջին մեկ տարում ավելացել է ավելի քան 400 մլն դոլարով»։
Գևորգ Պապոյանը արտադրողականության աճը պայմանավորում է կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետ։ Նա նշում է, որ արտադրողականության բարելավման երկու հիմնական ուղի կա՝ առաջինը կրթության մակարդակի բարձրացումն է, երկրորդը՝ նոր տեխնոլոգիաների ներդրումը։
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ տնտեսական աճի թվերը միայն սլաքներ ու տոկոսներ չեն, դրանց հետևում իրական մարդիկ ու գործարարների պատմություններ են։ Գևորգ Պապոյանը ներկայացրեց կոնկրետ օրինակ՝ ցույց տալու, թե ինչպես են կառավարության ծրագրերը փաստացի ազդում տնտեսվարողների առօրյայի վրա։
««Պռոշյանի կոնյակի գործարան»․ այս կազմակերպությունը իր վերջին գնումով 22 հատ 165 տոննայանոց մեծ տարա է առել մեր ծրագրով, նոր ճզմման սարքեր է առել, բունկեր և այլն։ Մեր հաշվարկներով, եթե ուրիշ բան չփոխվի, միայն այս գնման արդյունքով, եթե այդ տարաների մեջ լցնի ապրանք, այս տարի գործարանը պետք է մթերի 4000 տոննա ավել խաղող։ Անցած տարի ինչ-որ մի կետում այս ընկերությունը չէր կարողանում խաղող մթերել, ոչ թե այն պատճառով, որ ապրանքը չէր ծախվում, այլ՝ տեղ չկար խաղող լցնելու»։
Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ ոլորտը զարգանում է։ Նա նշում է, որ 2025 թ տարեվերջի դրությամբ գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 380 մլրդ դրամ, որը 2024թ համեմատ աճել է 10.4 տոկոսով, իսկ 2017թ-ի համեմատ՝ 2.3 անգամ: Ըստ նախարարի, սա նշանակում է, որ գյուղոլորտում ներդրումների ծավալը շարունակաբար ավելանում է, որովհետև այս վարկային միջոցները ներդրվել են ոլորտում։