Մենք փակել ենք պատերազմի դուռը, բայց որոշ ուժեր գնում են դա բացելու ճանապարհով․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և դա «խաթարել փորձող ուժերի» մասին։ Փաշինյանի ելույթի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Արձանագրվեց, որ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերը որդեգրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն։ Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով։
  • Այս օրերին այդ ուժերը խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերաբանակցելու և պարտադրելու, այդ թվում՝ ուժային եղանակով պարտադրելու մասին։ Սա միանշանակ և աներկբա նշանակում է ոչ միայն դուռը բացել պատերազմի համար, այլև անխուսափելի դարձնել։
  • Հաստատված խաղաղությունը մի կողմ դնելը նշանակում է բացել պատերազմի դաշտը, առավելևս այն խոսույթով, որ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժերը գրեթե ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են։
  • Սա է պատճառը, որ մենք ասում ենք, որ այս խաչմերուկը պատմական խաչմերուկ է։
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, մենք հաստատել ենք այդ խաղաղությունը, ինչը նշանակում է ամուր փակել ենք պատերազմի դուռը։
  • Հիմա իմ նշած ուժերը փորձում են բացել այդ դուռը, և դա միանշանակ ճակատագրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։
  • Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվել է միայն ու միայն այն պատճառով, որ մենք հույսներս դրել ենք ոչ թե երաշխավորի, այլ ինքներս մեզ վրա։
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատել ենք ծանր կորուստների գնով, բայց մենք դուրս ենք եկել պատմական նոր հանգրվան, երբ մենք գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով։
  • Խաղաղության վերանայման օրակարգով հանդես են գալիս օտար պետությունների էմիսարները։ Եվ ես որևէ կասկած չունեմ, պարզապես որևէ կասկած չունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը։

 

Leave a Comment