2025 թվականը առաջին տարին է, երբ գրանցվել է ՀՀ քաղաքացիների միգրացիոն դրական սալդո

Ս.թ. մարտի 20-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։

Նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում) նախագիծը և Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 20-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է 2025 թվականին Կառավարության ծրագրով ՆԳ նախարարությանը վերապահված միջոցառումների կատարման ընթացքն ու արդյունքները։

Նախարարը վկայակոչել է մի շարք ցուցանիշներ առ այն, որ․

Անկախությունից ի վեր 2025 թվականը առաջին տարին է, երբ գրանցվել է ՀՀ քաղաքացիների միգրացիոն դրական սալդո․ սա նշանակում է, որ հաստատված խաղաղության, բազմաթիվ ոլորտային փոփոխությունների արդյունքում առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ,

Հայաստանը միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով, և միակ պետությունն է, որը երկխոսության մեկնարկից հետո ռեկորդային արագ ժամանակում ստացել է Գործողությունների ծրագիրը,

Հայաստանը ներդնում է ԵՄ նոր ստանդարտի կենսաչափական համակարգ,

ՆԳՆ հանրային ծառայությունների ոլորտում իրականացվում են աննախադեպ ծավալի թվայնացման աշխատանքներ․ բոլոր ծառայությունների հերթագրման համակարգերն ամբողջությամբ թվայնացված են,

Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է ՝ 90,27 ինդեքսով,

2025 թվականի վիճակագրությամբ՝ Հայաստանում կատարված հանցագործությունների և դրանցով հարուցված վարույթների թիվը 2024 թվականի համեմատ նվազել է 3․2 %-ով, ինչն իրավապահ համակարգի աշխատանքի արդյունք է,

Հայաստանի ճանապարհներին 2024 և 2025 թվականներին խնայվել է 95 կյանք՝ տրանսպորտային միջոցների անընդհատ աճին զուգընթաց,

Աճել է Ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը՝ հասնելով 61%-ի,

Չնայած արտակարգ դեպքերի և պատահարների թվի աճին՝ 2025 թվականին դրանց հետևանքով տուժածների թիվը նվազել է 1601-ով, իսկ զոհերի թիվը՝ 59-ով:

ՆԳ նախարարն անդրադառնալով 2025 թվականին արձանագրված արդյունքներին՝ մանրամասն ներկայացրել է մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքը։

Այնուհետև նիստը տեղի է ունեցել փակ ձևաչափով, որում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ու ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը ներկայացրել են 2025 թվականին Կառավարության ծրագրով համապատասխան գերատեսչություններին վերապահված միջոցառումների կատարման ընթացքն ու արդյունքները։

Leave a Comment