Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Իրանի կառավարական օբյեկտներին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իսրայելի պաշտպանության ուժերն սկսել են հարվածել Թեհրանից արևելք գտնվող Նուր շրջանում գտնվող իրանական թիրախներին»,- ասվում է ԻՊՈւ մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ՝ Իրանի զինված ուժերն Իսրայելում ԱՄՆ բազաների և թիրախների վրա հարձակումների հերթական ալիքն են իրականացրել, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
«Հարվածներ են հասցվել Իսրայելի արբանյակային կենտրոններին և ՀՕՊ կենտրոնակայաններին կենտրոնական, հարավային և հյուսիսային մասերում»,- ասվում է Իրանի պետական հեռարձակողի կողմից մեջբերված հայտարարության մեջ:
ԻՀՊԿ-ն նաև հայտնել է, որ հարձակվել է Քուվեյթի Ալի ալ-Սալեմ և Ալ-Վաֆա բազաների վրա: Հարվածները թիրախավորել են անօդաչու թռչող սարքերի հրամանատարական կենտրոնը, ինքնաթիռների և ուղղաթիռների վերանորոգման և կայանման անգարները, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի գործողությունների կենտրոնը և հրթիռային պաշտպանության վաղ նախազգուշացման ռադարները, ասվում է հայտարարությունում։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:
