Աղազարյան․ Փաշինյանի վերարտադրության դեպքում ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ

Աղազարյան․ Փաշինյանի վերարտադրության դեպքում ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ

20 մարտի 2026 – 13:24 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում ունենալու ենք «պետականության կորստի իրական վտանգ», հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ անհնար է չարձագանքել վերջին բրիֆինգի ժամանակ վարչապետի արտահայտած այն մտքին, որ իր չվերարտադրվելու դեպքում սեպտեմբերին կլինի պատերազմ։

«Ակնհայտ է, որ որպես պատերազմի նախաձեռնողի՝ ի նկատի ունի Ադրբեջանին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է հետապնդի նպատակ կոնկրետ բաներ ստանալու։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում Ադրբեջանն այդ բաները կստանա առանց պատերազմի («Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն»):

Հետևություն

Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ։

Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում մենք ունենալու ենք պետականությունը պահպանելու իրական հնարավորություն»,- նշել է Աղազարյանը։

Փաշինյանը մարտի 19-ի ճեպազրույցում հայտարարել է, թե որոշ քաղաքական ուժեր հանդես են գալիս խաղաղության վերանայման դիրքերից, ինչը, ըստ Փաշինյանի, կարող է հանգեցնել անխուսափելի պատերազմի՝ ընտրություններից կարճ ժամանակ անց, առավել հավանական աշնանը՝ «նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։

Leave a Comment