ZDF-ի թղթակցի հարցը Աղաեւին՝ «Երբվանի՞ց է միայն Նախչեւան ձեւը կիրառվում»

 «Ազգի» նախորդ համարում «Դիվանագիտական ցուցում՝ Նախիջեւան բառի էթնիկ շեշտադրման վտանգը» վերնագրյալ մեր հոդվածը

շարունակում ենք՝ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւին ուղղված՝ գերմանական ZDF երկրորդ հեռուստաալիքի թղթակցի հարցով: Մարտի 7-ին ZDF-ի թղթակից Սեբաստիան Էհմը (Sebastian Ehm) X-ում հարցրել էր՝ «Ես էլ եմ մինչեւ հիմա Նախիջեւան ասել: Այդպես է արձանագրված առցանց աղբյուրների մեծ մասում: Երբվանի՞ց է միայն Նախչեւան ձեւը կիրառվում»: Աղաեւը պատասխանել էր՝ «Խնդրում եմ հարգեք Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական գրելաձեւը՝ իր աշխարհագրական անվանումների վերաբերյալ: Դուք էլ Kyjiw եւ Lwiw ձեւերն եք գործածում, ոչ թե Kiew կամ Lwow»: «Սիրով կանեմ, բայց իմ հարցն այն էր, թե երբվանի՞ց է այդպես Nachtschiwan ասվում : Սա նո՞ր կիրառություն է, թե՞ պարզապես մինչ այժմ անտեսվել է», լրագրողը նորից էր հստակեցում ակնակալում Աղաեւից: Վերջինս կտրուկ էր՝«Միշտ այդպես է եղել: Նախչիվան տեղանունը (գերմաներեն գրությամբ՝ Nachtschiwan, անգլերեն՝ Nakhchivan) ամրագրված է նաեւ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության մեջ»: Էհմի խոսքին ուշադիր կհետեւենք: Նույն հարթակում այլ օգտատերեր Աղաեւին հիշեցրել էին, թե «Nakhijevan է իրականում, հայերեն բառ է՝ հատուկ նշանակությամբ, թուրքերեն տարօրինակ հնչող բառ է, որեւէ բան չի նշանակում» կամ՝ «Հայաստանի հնամենի տեղավայր է», բազմաթիվ  նմանաբովանդակ գրառումներ, որոնք Բաքվի դեսպանն անպատասխան էր թողել: Ի դեպ ՌԴ-ում գտնվող Նոր Նախիջեւանի անունը վիկիպեդիայի ռուսերեն տարբերակում գրվում է Нахичевань-на-Дону կամ Нор-Нахичеван, նույնի ադրբեջաներեն տարբերակում՝ Naxçıvan-na-Donú: «Ազգի» նախորդ համարում էլ գրել ենք աբսուրդի մասին՝ «Ազերթաջի» գերմաներեն տարբերակում Nachitschewan է՝ Նախիջեւան:

2024-ին Նախիջեւանի մասին գերմանալեզու մամուլում տպված երկրորդ հիշարժան հոդվածը շվեյցարական «Ռեփուբլիկ»-ի դեկտեմբերի 27-ի լուսանկարներով հագեցած ռեպորտաժն է: Բեռլինաբնակ լուսանկարիչ Մարիո Հելլերը (Mario Heller) պատմում է տարածքի մեկուսացման մեջ գտնվող բնակիչների, իրենց ապագան Թուրքիայում որոնելու, Ալիեւի վերահսկողության աճի, Նախիջեւանի հրաշք բնության մասին: Խիստ հսկողությամբ եւ կամայական ձերբակալություններով Նախիջեւանին վաղուց ի վեր բնութագրող անուն է տրվել՝ «Ադրբեջանի Հյուսիսային Կորեա»: Սակայն այստեղ եկողները կգտնեն մի վայր, որը լի է պատմությամբ, հիասքանչ բնապատկերներով, հույսի ու անորոշության, մեկուսացման մեջ ապրող մարդկանցով, գրում է Հելլերը: 1995 թվականին նախագահ Ալիեւը ինքնավար հանրապետության նախագահ նշանակեց իր ազգական Վասիֆ Թալիբովին, որ 2022-ին հեռացել է պաշտոնից՝ պատճառաբանելով առողջական խնդիրները: Իրականում Ալիեւն է չեզոքացրել «փոքրիկ իշխանին», ինչպես Վիգեն Չթրյանին հղում անելով գրում է Հելլերը, որ ավելի լավ վերահսկի Նախիջեւանի տնտեսությունը:

«Երբ փետրվարին առաջին անգամ թռա Նախիջեւանի վրայով, Google Maps-ով  տեղեկություններ փնտրեցի, նկատեցի, որ այս տարածաշրջանի մասին հաղորդագրություններ եւ նկարներ հազվադեպ են հանդիպում: Այնուամենայնիվ, Նախիջեւանը, որը հայտնի է որպես «Նոյի երկիր», աշխարհի ամենահին անընդհատ բնակեցված տարածքներից մեկն է: Հնագետներն այստեղ հայտնաբերել են քարե հուշարձաններ, որոնք հարյուր հազարավոր տարեկան են: Ավանդույթի համաձայն, Նոյի տապանը մոտեցել է վեհաշուք Իլանդաղ լեռանը՝ (Օձասար, Վիշապասար), կազմելով դրա երկմասը: Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում Նախիջեւանի ռազմավարական դիրքը դարեր շարունակ հանգեցրել է տարածքային վեճերի: Միջնադարում տարածքը խիտ բնակեցված էր հայերով, մի փաստ, որն այժմ հերքում է Ադրբեջանի կենտրոնական կառավարությունը: Այն համակարգված կերպով ոչնչացրել է բազմաթիվ քրիստոնեական կրոնական շինություններ», շվեյցարական թերթում արձանագրել էր բեռլինաբնակ լուսանկարիչը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Leave a Comment