Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտություն.ավարտի հակասական սցենարները

Մերձավոր Արեւելքում եւ նրան հարող երկրներում այս օրերին ամենամեծ ուշադրությունը կենտրոնացած է Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմի հանգուցալուծման հեռանկարների վրա: Սակայն ռազմական գործողություններին ներգրավված կողմերից յուրաքանչյուրն ունի պատերազմի ավարտի իր պատկերացումները:

ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական նպատակների վերաբերյալ դեռեւս հնարավոր չէ վերջնական գնահատական տալ: Թվում է՝ նրա հետապնդած նպատակները տատանվում են մի քանի ուղղությունների միջեւ: Մի կողմից՝ նա ձգտում է սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը, մյուս կողմից՝ ստիպել Թեհրանին ընդունել ԱՄՆ-ի եւ Իսրայելի բոլոր պահանջները: Ավելին, Թրամփը նաեւ ակնկալում է հասնել Իրանում գործող կրոնապետական համակարգի փլուզմանը:

Մինչ այժմ Իսլամական Հանրապետությունը ո՛չ ենթարկվել է, ո՛չ էլ փլուզվել: Սակայն հակառակորդի շարունակական ռմբակոծությունների հետեւանքով նրա ռազմական կարողությունները զգալիորեն թուլացել են:

Փետրվարին Օմանի միջնորդությամբ Ժնեւում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային հարցի շուրջ ընթացող անուղղակի բանակցությունները, ըստ կողմերի հայտարարությունների, որոշակի առաջընթաց էին արձանագրել: Պաշտոնական Օմանը հետագայում հայտնել է, որ Իրանը պատրաստ էր գնալ զգալի զիջումների, որոնք, ըստ միջնորդի, կարող էին ամուր երաշխիք հանդիսանալ, որ Թեհրանը չի ձգտի միջուկային զենք ձեռք բերել:

Այնուամենայնիվ, Իրանը պատրաստ չէր քննարկել իր բալիստիկ հրթիռային ծրագրի սահմանափակման կամ դադարեցման, ինչպես նաեւ տարածաշրջանում դաշնակից խմբավորումներին աջակցության դադարեցման հարցերը:

Վաշինգտոնի եւ նրա դաշնակիցների համար լավագույն սցենարը Իրանում կրոնապետական կարգերի փլուզումն է եւ դրա փոխարեն Արեւմուտքի համար կանխատեսելի կառավարման համակարգի ձեւավորումը:

ԱՄՆ-ի համար եւս մեկ ցանկալի արդյունք կարող է լինել այն, որ Իսլամական Հանրապետությունը փոխի իր վարքագիծը եւ դադարեցնի տարածաշրջանում պրոքսի ուժերին ցուցաբերվող աջակցությունը: Սակայն Մոջթաբա Խամենեիի՝ որպես նոր առաջնորդի հնարավոր առաջխաղացման պարագայում դա քիչ հավանական է թվում, քանի որ նրա առաջնահերթությունը կարող է լինել վրեժխնդրությունը:

Հորմուզի նեղուցի հնարավոր արգելափակումը եւ դրա հետեւանքով նավթի համաշխարհային գների աճը կարող են ճնշում գործադրել Թրամփի վրա՝ ստիպելով նրան դադարեցնել պատերազմը:

Բացի այդ, ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Քենթի հրաժարականը՝ ի նշան Իրանում ԱՄՆ-Իսրայել պատերազմի դեմ բողոքի, եւս բարենպաստ զարգացում չէր Թրամփի համար:

Իրան

Իրանը ձգտում է հնարավորինս արագ ավարտել պատերազմը, սակայն ոչ ցանկացած գնով՝ հատկապես ոչ ԱՄՆ-ի բոլոր պահանջներին լիովին ենթարկվելու հաշվին:

Թեհրանը գիտակցում է, որ, հավանաբար, ունի «ռազմավարական համբերություն»՝ դիմակայելու Դոնալդ Թրամփին, եւ այդ առումով նաեւ աշխարհագրությունն է նրա օգտին: Իրանը Պարսից ծոցի երկրների շարքում ունի ամենաերկար ծովափը եւ կարող է երկար ժամանակ վտանգել նավերի անցումը Հորմուզի նեղուցով, որով սովորաբար անցնում է աշխարհի նավթի մոտ 20 տոկոսը:

Պատերազմի հետեւանքների կառավարման հարցում աջակցություն ստանալու նպատակով ԱՄՆ նախագահի կոչը լայն արձագանք չգտավ: Մեծ Բրիտանիան, եվրոպական երկրներն ու այլ պետություններ պատրաստակամություն չհայտնեցին առեւտրային նավերին ուղեկցելու համար միջոցներ տրամադրել:

Իրանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ պատերազմը պետք է ավարտվի հստակ երաշխիքներով, որ երկիրը հետագայում չի ենթարկվի նոր հարձակումների: Թեհրանը նաեւ պահանջում է փոխհատուցում՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի օդային հարվածների հետեւանքով պատճառված միլիարդավոր դոլարների վնասների համար:

Թեեւ նման պահանջների իրականացումը քիչ հավանական է, Իրանի համար կարեւոր է ինչպես միջազգային հանրության, այնպես էլ սեփական ժողովրդի առաջ ներկայանալ որպես պատերազմում հաղթող կողմ, որն ունակ է նույնիսկ ռազմատուգանքի պահանջ ներկայացնել:

Իսրայել

Պատերազմի երեք հիմնական կողմերից թվում է, որ Իսրայելն է ամենաքիչը շտապում դրա ավարտին հասնել:

Իսրայելը ձգտում է հնարավորինս ոչնչացնել Իրանի բալիստիկ հրթիռների զինանոցի մեծ մասը, ինչպես նաեւ հրամանատարական կենտրոնները, ռադարային կայաններն ու ռազմական բազաները:

Միեւնույն ժամանակ, Իսրայելը ցանկանում է, որ Իրանը հստակ հասկանա՝ նման ռազմական կարողությունների վերականգնման որեւէ փորձ կունենա ծանր հետեւանքներ, քանի որ Իսրայելի օդուժը կարող է որոշ ժամանակ անց վերադառնալ եւ կրկին հարվածներ հասցնել:

Իսրայելը Իրանի հրթիռային եւ միջուկային ծրագրերը գնահատում է որպես գոյաբանական սպառնալիք:

Մինչեւ այս պատերազմի սկիզբը Իրանն ուներ զարգացած տեղական հրթիռային եւ անօդաչու սարքերի արդյունաբերություն: Մասնավորապես, «Շահեդ» տեսակի անօդաչուները տրամադրվում էին Ռուսաստանին՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար:

Բացի այդ, Իրանը զբաղվում էր ուրանի հարստացմամբ, ինչը, նրա հակառակորդների գնահատմամբ, գերազանցում է քաղաքացիական միջուկային էներգիայի համար անհրաժեշտ մակարդակը:

Բենիամին Նեթանյահուի կառավարությունը այս երկու գործոնները՝ հրթիռային ծրագիրը եւ միջուկային գործունեությունը, դիտարկում է որպես սպառնալիքներ, որոնց հետ Իսրայելը չի կարող համակերպվել:

Կազմեց՝ Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

The post Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտություն.ավարտի հակասական սցենարները appeared first on Ազգ.

Leave a Comment