Փոխադարձ հարվածների թիրախում էներգետիկ օբյեկտներն են․ պարտերազմ, օր 20–րդ

Մերձավոր Արևելքում արդեն երեք շաբաթ շարունակվող պատերազմի այս փուլում թիրախը էներգետիկ ենթակառուցվածքներն են։ Իսրայելը հարվածել է աշխարհի ամենամեծ գազային հանքավայրին՝ Հարավային Պարսին, որն Իսլամական Հանրապետությունը կիսում է Կատարի հետ: Ի պատասխան՝ Իրանը հարվածել է Կատարի գազային հանգույցին, իսկ նախագահ Մասուդ Փեզեշքիանը զգուշացրել է «անվերահսկելի հետևանքների» մասին: Թեհրանը սպառնացել է նաև հարձակումների թիրախ դարձնել էներգետիկ օբյեկտները բոլոր այն երկրներում, որոնցից հարվածներ է ստացել:

Իսրայել–Միացյալ Նահանգներ–Իրան պատերազմի 20-րդ օրը փոխադարձ հարվածները շարունակվում են։ Այս փուլում թիրախում էներգետիկ ենթակառուցվածքներն են։

Մի քանի ժամ առաջ աշխարհն իմացավ, որ Իրանը, ի պատասխան Հարավային Պարսի գազի հանքավայրի վրա Իսրայելի հարձակման, հարվածել է Կատարի գազային հանգույցին։

Աշխարհի խոշորագույն նավթագազային համալիրները, որ Ռաս Լաֆանի արդյունաբերական գոտում են, 12 ժամվա ընթացքում երկու անգամ հարձակման են ենթարկվել, տեղեկացնում է QatarEnergy ընկերությունը։

Կատարի իշխանությունները նշել են, որ համալիրում հրդեհ է բռնկվել, որն ավելի ուշ չեզոքացվել է: QatarEnergy-ն հայտնել է Ռաս Լաֆանի օբյեկտին հասցված «զգալի վնասի» մասին։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանի հարձակումներն  էներգետիկ օբյեկտների վրա՝ դրանք անվանելով «միջազգային իրավունքի լուրջ խախտում և սպառնալիք համաշխարհային էներգետիկ անվտանգության համար»։

Լուրը վրդովել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Truth Social հարթակում զգուշացրել է, որ եթե Իրանը նորից հարվածի Կատարի գազային հանգույցին, հետևանքները ծանր կլինեն։ Թրամփը գրել է, որ ԱՄՆ-ն տեղյակ չի եղել Իրանի Հարավային Պարսի գազի հանքավայրի վրա իսրայելական հարձակմանը, և խոստացել է, որ Իսրայելն այդ ուղղությամբ այլևս հարձակում չի գործի, եթե Իրանը «անխոհեմ» քայլեր չանի։

«Իսրայելն այլևս հարձակում չի գործի այս չափազանց կարևոր և արժեքավոր Հարավային Պարսի հանքավայրի վրա, եթե Իրանն անխոհեմաբար չորոշի հարձակվել Կատարի վրա։ Եթե նման բան տեղի ունենա, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելի օգնությամբ կամ համաձայնությամբ կամ առանց դրա, զանգվածաբար կպայթեցնի Հարավային Պարսի գազի հանքավայրը այնպիսի ուժով և հզորությամբ, որ Իրանը երբեք չի տեսել»։

Կատարի գազային հանգույցին իրանական հարվածից հետո գազի գինը աճել է  30 %-ով։ Բարձրացել է նաև նավթի գինը։ Միջազգային շուկայում Brent-ի մեկ բարելը վաճառվել է մոտ 116 դոլարով կամ 10 %-ով ավելի թանկ, քան նախօրեին։ 

Փոխադարձ հարվածների և զգուշացումների ֆոնին, ըստ Reuters-ի, ամերիկյան վարչակազմը քննարկում է Մերձավոր Արևելքում ամերիկացի զինվորների տեղակայման հարցը։ Նշվում է, որ Վաշինգտոնը փորձում է նավթատարների համար անվտանգ անցում ապահովել Հորմուզի նեղուցով, նշվում է նաև Խարգ կղզում ցամաքային ուժեր տեղակայելու տարբերակը։ Իրանին պատկանող այդ կղզին ապահովում է Իրանի նավթի արտահանման 90 %-ը։ 

Washington Post-ն էլ տեղեկացնում է, որ Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար Կոնգրեսից ավելի քան 200 մլրդ դոլար է խնդրել։

Սպիտակ տան որոշ պաշտոնյաներ,  սակայն, կարծում են, որ Պենտագոնի խնդրանքը Կոնգրեսում տարաձայնություններ կառաջացնի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ի պատասխան գրում է․

«Այդ 200 մլրդ դոլարը սառցաբեկորի գագաթն է միայն: Ամերիկացիները կարող են շնորհակալություն հայտնել Իսրայելի վարչապետ Նեթանյահուին տրիլիոն դոլարանոց Իսրայելական  հարկի համար, որը շուտով ԱՄՆ տնտեսությանը և ամերիկացիներին կհարվածի»։

Իրանի դեմ պատերազմը տարաձայնությունների տեղիք է տվել ոչ միայն  աշխարհում, այլև հենց ամերիկյան վարչակազմում։  ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել և սկսել հրապարակայնորեն քննադատել նախագահ Թրամփին՝ Իրանի դեմ մղվող պատերազմի համար։ Հետաքննությունների դաշնային բյուրոն էլ հետաքննություն է սկսել նախկին պաշտոնյայի նկատմամբ՝ գաղտնի տեղեկություններ արտահոսքի համար։

Leave a Comment