
Իրանը փոխհատուցում է պահանջում Արաբական Միացյալ Էմիրություններից՝ վերջինիս մեղադրելով իրանական տարածքի դեմ ԱՄՆ-ի հարվածներին աջակցելու մեջ: Այս մասին գրել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, հայտնում է Reuters-ը։
Նամակում Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ ԱՄԷ-ի որոշումը՝ թույլ տալ օգտագործել իր տարածքը հարվածների համար, հանդիսանում է միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական արարք, որը ենթադրում է պետական պատասխանատվություն։
«Միջազգային հարթակում Արաբական Միացյալ Էմիրությունների անօրինական գործողությունները հանգեցրել են միջազգային իրավունքով նախատեսված պատասխանատվության և պահանջում են վնասի վերականգնում, ներառյալ Իրանին պատճառված բոլոր նյութական և ոչ նյութական կորուստների դիմաց փոխհատուցման վճարումը»,- գրված է նամակում: