Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագիծը։
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
- Ներկայում գործող օրենքը նախատեսում է, որ սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագիրը կգործի մինչև 2027 թվականը։
- Նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչև 2030 թվականը։
- ոչ մի նոր աջակցություն կամ պայման չի ավելացվում, այլ պարզապես գործող ծրագիրը շարունակվելու է ևս 3 տարի։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Վերջին տարիներին սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով իրականացվում են պետական աջակցության ծրագրեր։ Դրանց հիմքում դրված է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշումը, որով սահմանվել են սոցիալական աջակցության տեսակները, փոխհատուցման կարգը և շահառու համայնքների ցանկը։
Ներկայումս սոցիալական աջակցություն է տրամադրվում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերին։ Ծրագիրը գործում է 2015 թվականից և արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։
Գործող կարգավորումներով օրենքի ժամկետը ավարտվում է 2027 թվականի հունվարի 1-ից, ինչը կարող է հանգեցնել աջակցության ծրագրերի դադարեցման։ Այդ պատճառով առաջացել է անհրաժեշտություն՝ օրենքի գործողությունը երկարաձգելու ևս 3 տարով։
Նախագծով առաջարկվում է օրենքի ժամկետը սահմանել մինչև 2030 թվականը, ինչը հնարավորություն կտա շարունակել փոխհատուցումների տրամադրումը, այդ թվում՝
- բնական գազի,
- էլեկտրաէներգիայի,
- ոռոգման ջրի,
- ինչպես նաև կառավարության որոշմամբ նախատեսված այլ սոցիալական ծրագրերի շրջանակում։
Առաջարկվող կարգավորման նպատակը
Կարգավորման հիմնական նպատակը սահմանամերձ համայնքներում կյանքի պայմանների բարելավումն է և բնակչության սոցիալական բեռի նվազեցումը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
Լրացուցիչ ֆինանսական ազդեցություն
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն ակնկալվում։
Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունմամբ ակնկալվում է շարունակել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցությունը՝ ապահովելով ծրագրի անընդհատությունը և կանխելով սոցիալական խնդիրների սրացումը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից։