
Գործադիրն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Նորք Մարաշ, Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասն ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, հողամասն արդեն ՀՀ սեփականությունն է, սեփականությունը գրանցված է: Ըստ նախարարի՝ այն ՀՀ-ին է վերադարձվել ՀՀ գլխավոր դատախազության հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճռով։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել գործի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Գլխավոր դատախազությունը 2025 թ.-ի նոյեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 1 մլն 107 հազար դոլարին համարժեք 417 մլն 659 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7090 քառակուսի մակերեսով հողամասի նկատմամբ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ այս գույքի վերաբերյալ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել էր 2025 թվականի մարտի 7-ի վճռով: «Դատախազությունը դատարանից հայցել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հուլիսի 21-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ: Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ որոշումներով հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 5 հողամաս ամրացվել է ՇՄՆ-ին, և այսօրվա դրությամբ ՇՄՆ-ին է ամրացված Երևան քաղաքի Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ ընդհանուր 3 մլրդ 381 մլն 573 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, շուրջ 7,5 հա մակերեսով 6 հողամաս»,- նշել է Աննա Վարդապետյանը:
Ըստ Աննա Վարդապետյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով ունենք 9 հաշտության համաձայնություններ։ Գլխավոր Դատախազը տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաշտության 10-րդ համաձայնությունն է ստորագրվել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղում գտնվող շուրջ 20.6 հա մակերեսով, 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը ՀՀ սեփականությանը հանձնելու նպատակով կնքվել է հաշտության համաձայնություն, որը 2026 թ. մարտի 5-ին հաստատվել է դատարանի վճռով։ Վճիռն օրինական ուժ կստանա 2026 թվականի ապրիլին. գույքը կփոխանցի ՀՀ-ին։ «Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ: Հիշեցնեմ, որ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնվել 2025 նոյեմբերի 6-ին»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև 2018-2025 թթ. ՀՀ-ին վերադարձված գույքերին ու դրամական միջոցներին և նշել, որ Դատախազությունում վերլուծվել են այդ թվականների՝ քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թ.-ից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում, ՀՀ և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները: Ըստ այդ ցուցանիշների՝ 2018-2025 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի (շուրջ 773 միլիոն դոլարի) գույք և դրամական միջոց, որից 65.8%-ը կամ շուրջ 193 միլիարդ դրամի (շուրջ 504 միլիոն դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023-2025 թթ.-ին:
Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերին և անդրադարձել այդ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքները: Ըստ այդմ՝ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 83 շենք-շինություն: «Մեզ անընդհատ քննադատում են, թե ինչու մենք այդ գույքերը չենք տալիս պետությանը, կամ ինչու չենք տալիս որոշակի սոցիալական նպատակներով: Նորից առիթն օգտագործելով՝ կրկնեմ, որ այդտեղ սեփականության իրավունք լինել չի կարող։ Գործընթացը շարունակական է: Բացարձակ նիշից ցածր որևէ գույք, անկախ իր շուկայական արժեքից, չի կարող սեփականության վերադարձվել, քանդվելու է, և տարածքն ազատվելու է ամբողջությամբ»,- ասել է Գլխավոր դատախազը:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարածքը պետք է լինի քաղաքային տրամաբանության անտառ՝ ակտիվ կյանքի համար հարմար, առանց կոմերցիոն կետերի։
ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ այս պահին միջազգային գործընկերների հետ աշխատանք է իրականացվում դոնորներ ներգրավելու ուղղությամբ՝ Նորքի հողատարածքն անտառային պուրակի վերածելու գաղափարն իրականություն դարձնելու նպատակով։ ՇՄ նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին շրջանում հետևողականորեն վերականգվում է հանրային շահը և պետության իրավունքները տարիներ առաջ մասնավորին տրամադրված անտառային ու բնապահպանական տարածքների նկատմամբ։ Ըստ Համբարձում Մաթևոսյանի՝ նախարարության,Գլխավոր դատախազության, ՏԻՄ-երի և այլ գերատեսչությունների միջև համագործակցության արդյունքում՝ 2025 թվականի ընթացքում պետությանն է վերադարձվել շուրջ 13.000 հեկտարից ավել ընդհանուր մակերեսով բնապահպանական և անտառային հող։ Մասնավորից վերադարձվել և «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է միացվել 5330 հա տարածք։ Վարձակալության պայմանագրի խզման գործընթացով «Սևան» ազգային պարկին է վերադարձվել 79 հա տարածք։