19 մարտի 2026 – 16:03 AMT
PanARMENIAN.Net – Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է թիմի կազմը Բելառուսի դեմ նախատեսված ընկերական հանդիպման համար, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Առաջին անգամ ազգային թիմ հրավեր են ստացել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը, «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, «Փյունիկի» խաղացող Կառլեն Հովհաննիսյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպաններ Նարեկ Հովհաննիսյանը և Արթուր Ասկարյանը, ինչպես նաև 2021 թվականից «Արարատ-Արմենիայում» հանդես եկող 29-ամյա կոլումբացի պաշտպան Խուլիո Բուենոն։
Դարպասապահներ՝ Հենրի Ավագյան – «Փյունիկ», Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ», Արման Ներսեսյան – «Արարատ-Արմենիա», Գոռ Մատինյան – «Ուրարտու»։
Պաշտպաններ՝ Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա», Սերգեյ Մուրադյան – «Նոա», Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա), Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ (Ռուսաստան), Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա», Էրիկ Փիլոյան – «Ուրարտու», Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա), Խուլիո Բուենո – «Արարատ-Արմենիա»։
Կիսապաշտպաններ՝ Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան), Կառլեն Հովհաննիսյան – «Փյունիկ», Տիգրան Ավանեսյան – «Օրենբուրգ» (Ռուսաստան), Արթուր Ասկարյան – ԲԿՄԱ Երևան, Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ», Գոռ Մանվելյան – «Նոա»։
Հարձակվողներ՝ Վահան Բիչախչյան – «Լեգիա Վարշավա» (Լեհաստան), Հրանտ-Լեոն Ռանոս – «Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա), Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա», Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ Երևան, Ֆին Գերագուսյան – «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա), Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»։
Հայաստան – Բելառուս հանդիպումը կայանալու է մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և մեկնարկելու է ժամը 18։00-ին։
Ֆուտբոլասերները արդեն կարող են ձեռք բերել Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպման տոմսերը՝ բացառապես օնլայն հարթակում։
Մեկնարկել է մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ ՀՖՖ-ն հայտնել է, որ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվել։
«Այսօրվանից տոմսերը հասանելի են կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերը վաճառվելու են միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:
Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Բելառուս խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը: Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում կայքում:
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում: Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տոմսերի արժեքները սահմանվել են հետևյալ կերպ՝
Հարավային տրիբունա – 1000 և 2000 դրամ,
Հյուսիսային տրիբունա – 1000 և 2000 դրամ,
Արևելյան տրիբունա – 3000 և 6000 դրամ,
Արևմտյան տրիբունա – 6000 և 8000 դրամ։
Մարտի 26-ին նախատեսված Հայաստանի և ԱՄԷ-ի հավաքականների միջև ընկերական հանդիպումը չեղարկվել է Մերձավոր Արևելքում առկա լարված և անկայուն իրավիճակի պատճառով։