Կիրականացվի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգման և տարածքի բարեկարգման ծրագիրը

Կառավարությունն ընդունել է «Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի «Բնակելի տուն. իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած տարածքի, կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին»  որոշում։

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է հուշարձանի տարածքն ամբողջականացնելու, պահպանությունն ապահովելու, ուսումնասիրություններ իրականացնելու, հնագիտական պեղումները կազմակերպելու, պահպանված կառույցների մնացորդների ամրակայման և վերականգնման և հուշարձանի օգտագործման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ: 

Հիմնավորման համաձայն՝ Հորս գյուղը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր իշխանական տոհմերից մեկի՝ Օրբելյանների նստոցը։ Այստեղ գտնվում են 13-14-րդ դդ․ Հայաստանի քաղաքացիական ճարտարապետության պահպանված լավագույն նմուշներից մեկը համարվող պալատական համալիրի և եկեղեցու ավերակները, իշխանաց իշխան Լիպարիտի որդի Չեսար Օրբելյանին և նրա կնոջը՝ հայոց և վրաց ամիրսպասալար, իշխան Մեծ Սարգիս Զաքարյանի թոռնուհի Խորիշահ իշխանուհուն հիշատակող արձանագրություններ:

ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով (11.011.000 դրամ) Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը 2024 թ. իրականացրել է պեղումներ, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակվել է  Հորս բնակավայրի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգման և տարածքի բարեկարգման նախագիծ (8.789.000 դրամ): Նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել հուշարձանը:

Leave a Comment