
Նավթի գները կրկին բարձրացել են՝ Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտների վրա նոր հարձակումների ֆոնին։ Միջազգային շուկայում Brent-ի մեկ բարելը վաճառվել է մոտ 116 դոլարով՝ երեկվանից մոտ տասը տոկոս ավելի թանկ։
Բարձրացել է նաև գազի գինը՝ իրանական Հարավային Փարսին՝ աշխարհում գազի ամենամեծ պաշար ունեցող հանքավայրին հասցված ավիահարվածներից հետո։
ԱՄՆ նախագահը երեկ հայտարարել է, թե Վաշինգտոնը «ոչինչ չի իմացել» Իսրայելի կողմից Իրանի հանքավայրի վրա կատարված հարձակման մասին և պնդել, թե դա եղել է զայրույթի նշան։ Մինչ այդ Իրանը թիրախավորել էր Կատարի Ռաս Լաֆանի նավթաարդյունաբերական տերմինալը, զուգահեռ, անօդաչու թռչող սարքերը հարվածել էին Սաուդյան Արաբիայի՝ Կարմիր ծովում գտնվող նավթավերամշակման գործարանին և հրդեհներ են առաջացրել Քուվեյթի ևս երկու գործարանում։
Արդեն 20-րդ օրը շարունակվող ռազմական այս գործողություններից հետո՝ այսօր, Եվրոպայում գազի գները բարձրացել են մինչև 30 տոկոսով, ֆոնդային բորսաներում անկումը շարունակվել է։